ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է Ուսանողական 22-րդ խաղերի հաղթողներին
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվեցին 22-րդ Հանրապետական ուսանողական խաղերի հերթական փուլի արդյունքները և պարգևատրվեցին հաղթողները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարգևատրման պաշտոնական արարողությանը մասնակցեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Կառավարությունը շատ է կարևորում մասսայական սպորտի զարգացումը և Ուսանողական խաղերն էլ այս ամենի մեջ ներառվում են: Լիահույս եմ, որ հաջորդիվ, որտեղ կմասնակցեն ուսանող մարզիկները, հաղթանակներով կվերադառնան: Այս կերպ մեր բուհական համակարգն ավելի ճանաչելի կդարձնենք աշխարհին»,-ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ պարգևատրեց Խաղերի ընթացքում աչքի ընկած մարզիկներին: «Շատ կուզենայի, որ Ուսանողական խաղերի նախկին ավանդույթները, որոնք լի էին բազում հաջողություններով, շարունակական լինեն»,-ասաց նա:
22-րդ Հանրապետական ուսանողական խաղերին մասնակցել է 22 ուսումնական հաստատությունների 1020 ուսանող-մարզիկ: Ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղում Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն է, երկրորդը` Երևանի պետական համալսարանը, երրորդը` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Բուհերը ստացան նաև դրամական պարգևներ: