211652_close_icon
views-count49134 դիտում article-date 22:20 19-11-2021

Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է. ընտանեկան գերեզմանատանը նրա արձանն է տեղադրվել

Այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։

Նրա հայրենի՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ընտանեկան գերեզմանատանը, որտեղ ամփոփված է նրա աճյունը, Գրիգորյանի արձանն է տեղադրվել. մտերիմները, հարազատներն ու ընկերները ծաղիկներ են խոնարհել նրա հիշատակին:

2018թ. հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել  հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: Ավելի ուշ նրան առաջադրվեցին նաեւ ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեղադրանքներ:

Նրան առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը, սակայն, շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին նրա ունեցած առողջական լուրջ խնդիրների եւ առողջական վիճակի վատթարացման պատճառով. պարբերաբար շտապօգնության բժիշկներ էին գալիս դատարան նրան տեղում բուժօգնություն ցուցաբերելու համար: 2020թ. մահվանից մի քանի ամիս առաջ Մանվել Գրիգորյանը որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում էր անցկացրել՝ գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում: Միայն դրանից հետո էր դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրել՝ պայմանավորված կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով:

Մանվել Գրիգորյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր: Նա մասնակցել էր ԼՂՀ հարավային սահմանների պաշտպանական մարտերին, Մարտակերտի շրջանում ծավալված մարտական գործողություններին, ղեկավարել էր Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը:

Մանվել Գրիգորյանը 1999 թվականից մինչեւ 2018 թվականը եղել էր Երկրապահ կամավորական միության նախագահ: 1992-1996-ին՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի, իսկ 2012-2018-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Նմանատիպ նյութեր