211652_close_icon
views-count1316 դիտում article-date 18:21 16-11-2021

«Էլկա մանկական գեղագիտական կենտրոն» կազմակերպությանը կարգելվի սնունդ մատուցել երեխաներին. ՍԱՏՄ

Նոյեմբերի 9-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» նախնական ախտորոշումներով 11 դեպքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը:


Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 11 երեխան էլ հաճախում են «Էլկա մանկական գեղագիտական կենտրոն»։ Վերջիններիս մոտ աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշանները՝ սրտխառնոց, անզուսպ փսխում դիտվել են նույն օրը և հիվանդները շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Մուրացան» ՀՀ, որտեղ հոսպիտալացվել են «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» նախնական ախտորոշումներով (1 երեխա ծնողների հրաժարականով տուն է գնացել և, ստանալով հիվանդանոցի վարակաբանի խորհրդատվություն՝ ստանում է ամբուլատոր բուժում):

Ներկա պահին հոսպիտալացված բոլոր հիվանդները դուրս են գրվել, բավարար առողջական վիճակով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների, ինչպես նաև ՀՀ ՍԱՏՄ տեսուչների կողմից լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշների, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում։

Արդյունքում խմելու ջրի մեջ շեղումներ չեն հայտնաբերվել, սննդամթերքում (հավի մսով և բրնձով շիլա, երշիկ) հայտնաբերվել է ստաֆիլակոկ, թունաբանական հետազոտության արդյունքում՝ թունավոր ազդեցություն, սաների և աշխատակիցների կենսանմուշներում հայտնաբերվել է ստաֆիլակոկ, իսկ արտաքին մակերեսներից վերցված լվացուկներում ԱՑԽՄ և ստաֆիլակոկ։

Տվյալ կազմակերպությանը կարգելվի սնունդ մատուցել երեխաներին, քանի դեռ հումքի ու սննդամթերքի պահեստավորման, մշակման, պատրաստման տարածքներն ու սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանեցվել իրավական ակտերով սահմանված նորմերին:

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում և դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 8 երեխա։  Երեխաները տեղափոխվել էին «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից։

Նրանք 8-11 տարեկան են և հիվանդանոց են ընդունվել «սննդային թունավորում» ախտանիշով։   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

Նմանատիպ նյութեր