211652_close_icon
views-count1874 դիտում article-date 23:56 15-11-2021

Ով էլ լինի պաշտպանության նախարարը, միեւնույնն է՝ մեկ անձի կարգադրություններն ու կամքն է կատարելու. Սեյրան Օհանյան. News.am

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ այն քաղաքական թիմի անդամ պետք է զբաղեցնի, որը կառավարման փորձառություն պետք է ունենա, ինչը նշանակում է, որ տվյալ անձն օրենսդիրում եւ գործադիրում պետք է տիրապետի այն բոլոր աստիճաններին, որոնցով նա աշխատանքային աճ է ունենում եւ աշխատելու փորձ ձեռք բերում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու վարչապետի որոշումներին:

«2018թ. սկսած քանի անգամ են նման պաշտոններում փոփոխություններ կատարվել, եւ անհաջողությունների հիմքում այդ պաշտոնյաների արագ փոփոխություններն են եղել, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք տիրապետել տվյալ անձանց առջեւ դրված ոլորտային խնդիրներին: Մեր պետությունում մեկ անձի կողմից է կառավարումն իրականացվում, կարեւորը կառավարության ղեկավարի պաշտոնն է, որում այժմ Նիկոլ Փաշինյանն է գտնվում, եւ ով էլ լինի պաշտպանության նախարարը, միեւնույնն է՝ մեկ անձի կարգադրություններն ու կամքն է կատարելու, չեմ կարծում, թե շատ կարճ ժամանակում կարող են այդ համակարգում փոփոխություններ կատարվել»,- նշեց Օհանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի՝ այսօր հրավիրված նիստում հայտարարել էր, որ Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունքում: Հարցին՝ որոնք կարող են լինել պաշտպանության նախարարի պաշտոնանկության պատճառները, Օհանյանը չբացառեց սահմանային առկա լարվածությունը:

«Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու պատճառների մասին պետք է հարցնել այսօր կառավարության աթոռին նստած անձնավորությանը, որովհետեւ նա է այդ տեղեկատվությանը խորությամբ տիրապետում: Հաշվի առնելով սահմանային առկա լարվածությունը՝ կարծում եմ, որ դա է նաեւ ազդել պաշտպանության նախարարի արագ փոփոխության վրա»,- նկատեց Օհանյանը:

Այս տարվա մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի տարբեր հատվածներում, ներխուժել էին ՀՀ տարածք, որտեղից մինչ այժմ չեն հեռացել եւ շարունակում են ամրանալ, սակայն այդ ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնից Վաղարշակ Հարությունյանը չէր ազատվել: Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ, ինչպես վարչապետն է հայտարարել, սահմանային իրավիճակը հիմք է հանդիսացել կադրային նման փոփոխություն կատարելու համար: Միաժամանակ, նոյեմբերի 8-ին Արշակ Կարապետյանն այցելել էր Արցախի Հանրապետությունը, ինչը մի քանի ամսվա դադարից հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով առաջին այցն էր, ինչին կոշտ էին արձագանքել Բաքվից:

«Ձեր նշած բոլոր հանգամանքներն էլ այս կամ այն չափով կարող էին ազդեցություն ունենալու պաշտպանության նախարարի փոփոխություն կատարելու որոշման վրա, բայց լիարժեք այդ հարցին կարող է քաղաքական մեծամասնության ղեկին նստած անձնավորությունը, եւ կարծում եմ, որ մարդիկ մեկ մարդու քմահաճությամբ են փոխվում պաշտոններում: Այն ժամանակ, միգուցե, չէր հասկանում՝ ինչ է նշանակում սահմանային ծառայությունը, բացթողումները, չնայած նրան, որ մայիսին բացթողումներն ավելի շատ են եղել, քան հիմա»,- նկատեց Սեյրան Օհանյանը:

Նմանատիպ նյութեր