211652_close_icon
views-count976 դիտում article-date 11:38 05-07-2023

«ԱԺ քննիչ հանձնաժողովից ինձ հրավեր չի եկել: Եթե հրավերը հասնի էլ, միեւնույնն է, չեմ գնալու». Տիրան Խաչատրյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ ղեկավարում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, պարբերաբար հայտարարում էր, թե հրավեր է ուղարկել մի շարք զինվորականների եւ բարձրաստիճան պաշտոնյաների, բայց վերջիններս չեն եկել քննիչ հանձաժողով:

Քոչարյանը հրապարակել էր զինվորականների եւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք, ըստ նրա, վախենում են գնալ ԱԺ։

«Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։ Արտաքին քաղաքականության հարցերով ես հրավիրել եմ Վարդան Օսկանյանին, որը հրաժարվել է, բայց մենք նորից կուղարկենք հրավեր․ Արցախի հետ կապված լսումների ժամանակ ինքը պետք է բարի լինի, գա, որովհետեւ շատ հարցեր առնչվելու են ԱԳՆ-ի իրականացրած քայլերին»,- հայտարարել էր նա։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Տիրան Խաչատրյանը հերքեց Անդրանիկ Քոչարյանին՝ պնդելով, որ իրեն մինչ օրս հրավեր չի եկել:

Տիրան Խաչատրյանը մանրամասնեց, որ իրեն այս ընթացքում զանգահարել է Անդրանիկ Քոչարյանի քարտուղարը, հարցրել բնակության հասցեն, որպեսզի քննիչ հանձնաժողով գնալու հրավեր-նամակ ուղարկեն, սակայն այդպես էլ հրավեր չի եկել. «Ես ունեմ մի բնակարան, մեկ հասցե, որտեղ գրանցված եմ եւ ապրում եմ, ինձ երբեւէ որեւէ կառույցի կողմից նամակ չի եկել, ինձ հրավեր չի եկել»:

Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ ստել է՝ ասելով, թե մարդիկ չեն ներկայանում նիստերին: Թեեւ Տիրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «եթե հրավերը հասնի էլ, միեւնույնն է, չեմ գնալու»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր