211652_close_icon
views-count1888 դիտում article-date 09:45 30-09-2021

ԱՄՆ սենատորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության հարցերին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանձնաժողովում դեսպանի պաշտոնում առաջադրված մի շարք թեկնածությունների հաստատման լսումների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ հարցուպատասխան ծավալեց Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված, նախկին հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքի հետ՝ այս հարցի կապակցությամբ վերջինիս դիրքորոշումը ճշտելու նպատակով: Հիշեցնենք, որ նախկինում Ջեֆ Ֆլեյքը բազմիցս դեմ է քվեարակել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկման ժամանակ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Երկար տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանությունը հերքվել է այն իրագործողների ժառանգների կողմից: 2019 թվականին Սենատն առաջին անգամ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս տարվա ապրիլին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նախագահ Բայդենը միացավ մեզ: Նախկինում դուք դեմ եք քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին: Դուք կմիանա՞ք այս կառույցին ու վարչակազմին՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու հարցում»:

«Այո»,- արձագանքեց նախկին սենատոր Ֆլեյքն ի պատասխան:

Սենատոր Մենենդեսը շարունակեց հարցուպատասխանը՝ նշելով.

«Եթե Ձեր թեկնածությունը հաստատվի, կկրկնե՞ք այդ հանձնառությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին»:

«Կկրկնեմ»,- կարճ դրական պատասխան է տվել Ֆլեյքը:

Անդրադառնալով Թուրքիայի վարքագծին մի շարք հակամարտությունների հարցում՝ Ջեֆ Ֆլեյքն իր բացման խոսքում ընդգծել է.

«Եթե Թուրքիայի որոշ գործողություններ նպաստում են ԱՄՆ-ի շահերի առաջխաղացմանը Մերձավոր Արևելքում, Միջերկրածովում և Սև ծովի ավազանում, ապա մի շարք այլ գործողություններ ապակայունացնող են և ոչ օգտակար: Իմ թեկնածության հաստատման դեպքում, ես կխրախուսեմ Թուրքիային աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն, երկարաժամկետ կարգավորմանը հասնելու ջանքերին և կխրախուսեմ խաղաղ ու դիվանագիտական լուծումներ Արևելյան Միջերկրականի տարաձայնություններին»,- ասել է Ֆլեյքը:

Լսումների ընթացքում սենատորները մի քանի անգամ անդրադարձել են Հայոց ցեղասպանության և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության հարցերին, ներառյալ դեմոկրատ սենատորներ Քրիս Քունսի ու Քրիս Վան Հոլենի խոսքերը:

«Նախագահ Էրդողանը Թուրքիան շեղել է ճիշտ ուղուց և տանում է սխալ ուղղությամբ՝ ինչպես ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի պարտավորությունների, այնպես էլ տարածաշրջանում այլ գործողությունների ու մարդու իրավունքների հարցերում: Մենք նաև տեսել ենք, որ նա օգնում և աջակցում է Հայաստանի դեմ հարձակումներին»,- հայտարարել է սենատոր Քրիս Վան Հոլենը:

Բացի այդ, լսումների ընթացքում հանձնաժողովի նախահգահ Մենենդեսը և այլ սենատորներ իրենց մտահոգությունը հայտնեցին ռուսական S-400 հակաօդային հրթիռային համալիրների՝ Թուրքիայի կողմից գնման կապակցությամբ՝ ընդգծելով այս հարցի կարևորությունն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Քննադատություն ու հարցեր հնչեցին նաև Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշման, Կիպրոսի հարցում և Միջերկրածովում Թուրքիայի ձեռնարկած քայլերի, Էրդողանի վարած քաղաքականության և մի շարք այլ խնդիրների մասին:

Նմանատիպ նյութեր