211652_close_icon
views-count50909 դիտում article-date 16:47 29-06-2021

Նոր մանրամասներ՝ երեկ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածների ինքնությունը. 5 վիրավորներից 3-ը՝ ՌԴ, 1-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունիսի 28-ին, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 60-ամյա Լևոն Հովսեփյանը, Renault-ը վարել է ՌԴ քաղաքացի՝ 24-ամյա Արամ Ալայանը։

Վթարի հետևանքով Լ. Հովսեփյանը, նրա ուղևորներից 60-ամյա Հայկանուշ Սիմոնյանը տեղում մահացել են, իսկ 59-ամյա Շողիկ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ Renault-ի վարորդ Ա. Ալայանը, նրա ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ, 23-ամյա Գվոն Կրիստինան, 25-ամյա Մեն-Չեր Կանեյաման և Ուկրաինայի քաղաքացի՝ 24-ամյա Մաքսիմ Յաշնուկը նույնպես տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել էին Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հարամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից  ժամանել էր քննչական խումբը՝  մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Մկրտչյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի    
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր