211652_close_icon
views-count826 դիտում article-date 15:10 01-11-2026

Կառավարության աջակցությունն աբովյանցիները զգում են իրենց մաշկի վրա. քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ Աբովյանի գլխավոր փողոցներում ու բակային հատվածներում բարեկարգումը կատարվում է անգամ հանգստյան օրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Հայաստանի անկախացումից հետո երբևէ Աբովյան քաղաքում նման տիպի ճանապարհաշինական աշխատանքներ տեղի չեն ունեցել, ինչի ապացույցը հազարավոր աբովյանցիների շնորհակալանքի խոսքն է՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանին և Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին։

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Վերջին տարիներին կառավարության աջակցությամբ ու ֆինանսավորմամբ Աբովյան քաղաքը օր օրի մեծ առաջընթաց է գրանցում ամեն բնագավառում։ Առանց գույները խտացնելու դա տեսնում ենք մեր աչքով։ Ինչի՞ էր նման, 30 տարի դարուփոս, ոչ հարմարավետ ճանապարհներ, գլխատված ծառեր, անբարեկարգ բակեր՝ իրենց խաղահրապարակներով, ոչ միայն մեկումեջ կարող է փոսային աշխատանքներ կատարեին, ինչն այդքան էլ մեր սրտով չէր։ Իսկ ահա վերջին մեկ տարում հսկայական աշխատանք է կատարվել Աբովյան խոշորացված համայնքի ու վարչական բնակավայրերում, ինչի համար էլ մեր շնորհակալությունն ենք ուղղում այն իրականացնողներին, հանձինս կառավարությանն ու Աբովյանի քաղաքապետարանին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս օրերին դարձյալ ասֆալտապատման բումը շարունակվում է Աբովյանում ու վարչական բնակավայրերում նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին։ Բակային այնպիսի հատվածներում են իրականացվում ասֆալտապատման աշխատանքներ, որտեղ վերջին անգամ ասֆալտի երես տեսել են սովետական տարիներին։ Հիմա մինչև ասֆալտապատումը ճանապարհներից հեռացվում են քայքայված եզրաքարերը, հետիոտների անցման վայրերի փոսային հատվածները հիմնանորոգվում են նոր ավելի որակյալ քարե սալիկներով և մեզ ավելի է ոգևորում ու ուրախացնում այն փաստը, որ աշխատանքներին անգամ հանգստյան օրերին հետևում է մեր Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։

Այսօր արդեն բազալտե եզրաքարերի փոխարինումն իրականացվում է քաղաքի 3-րդ թաղամասի բնակելի ու բակային հատվածներում, որտեղ արդեն ավարտին է հասցվել հետիոտնային մայթերի հիմնանորոգումը, որտեղ նաև առանձին հատվածներում տեղադրվել  են թեքահարթակներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար»։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ այդ ամենին զուգահեռ Աբովյան քաղաքում իրականացվում է նաև հին, փտած, ամեն պահի տապալման եզրին կանգնած ծառերի հեռացում, փոխարենը Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանի և նրա աշխատակազմի հետևողական աշխատանքի արդյունքում տնկվում են նոր, ավելի կենսունակ տարբեր ծառատեսակներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 21-ին Ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել, թե ինչպես են ՀՀ կառավարության աջակցությամբ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ Աբովյան քաղաքում իրականացվում ճանապարհների բարեկարգման, այդ թվում ասֆալտապատման աշխատանքներ, ինչի շնորհիվ հիմնանորոգվում էին հետիոտնային անցումները, ասֆալտապատվում ոչ միայն գլխավոր ճանապարհները, այլ նաև բակային հատվածները, և դրա արդյունքում էլ աբովյանցիները հրաժեշտ էին տալիս 30 տարուց ավելի անբարեկարգ, փոշոտ, անձրևին՝ ցեխոտ, երբեմն «մարդաբոյ» փոսերով հարուստ ճանապարհներին։

Ճանապարհների հիմնանորոգում էր իրականացվում նաև դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ տանող ճանապարհներին և բակային գոտիներում։

Հոկտեմբերի 29-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչները ու թիվ 4-րդ դպրոց այցելող երեխաների ծնողները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղել «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին՝ ասելով. 

«30 տարուց ավելի երազել ենք, որ ունենանք որակյալ ճանապարհներ, հետիոտների համար անվտանգ անցումներ, որպեսզի մեր երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանենք ոչ փոշոտ, ոչ ցեխոտ, ոչ սառած ճանապարհներով, ու հույսներս կտրել էինք, թե երբևէ կտեսնենք նման որակյալ ճանապարհ։ Մեծ ոգևորություն ապրեցինք, երբ տեսանք, թե ինչպես են կառավարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ իր աշխատակազմը և ճանապարհաշինարարները Աբովյանը տեսքի բերում ու Աբովյանում օր օրի ճանապարհները դարձնում են ավելի անվտանգ ու ապահով։ Մեր՝ Հանրապետության փողոցում շարժը բավականին շատ է, կան դպրոցներ ու մանկապարտեզներ։ Այնքան ոգևորություն ապրեցինք, երբ տեսանք, որ այդ ճանապարհները հիմնանորոգվում է։ Բայց ցավոք մի քանի օր տևեց մեր ուրախությունը, երբ տեսանք , թե ինչպես մեծն «Վեոլիա ջուր» ընկերության Աբովյանի աշխատակիցները եկան, քանդեցին նոր արված ասֆալտը՝ պատճառաբանելով, թե ջրախողովակ են փոխում։ Էդ որ փոխում եք, լավ է, դժգոհ չեն, բայց աշխատանքը գոնե որակով արեք։ Մեկ-մեկ մեզ թվում է՝ «Վեոլիա ջուրն» այնպես է աշխատում, որ աջ ձեռքը չգիտի ինչ է անում ձախ ձեռքը։ Հիմա որ իդեալական ասֆալտապատված տարածքը ավիրեցիք, ո՞վ է ձեր հետևից էդ ավերակը վերացնելու, թե՞ մտածում եք ոչինչ Աբովյանի քաղաքապետարանն ու կառավարությունը մի բան կանեն»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր