Ընդդիմությունը պետք է կենտրոնանա խորհրդարանում իշխանության սնանկացման վրա և շարունակելով օրակարգ թելադրել՝ հաղթի ապագա ճակատամարտը. Արթուր Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
tert.am-ը գրում է. Մինչև ընտրական գործընթացի սկսվելը տեղերում ուսումնասիրում էինք մարդկանց տրամադրությունները, և բոլոր զրույցները վկայում էին այն մասին, որ իշխանությունն սպառված է և չունի վերարտադրման ռեսուրս, դա էր վկայում նաև Փաշինյանի անհասկանալի վարքագիծը քարոզարշավին, նրա հանրահավաքների սակավամարդությունը. միջազգային սոցհարցումները ևս ցույց էին տալիս էին, որ նա չի հավաքի մեծամասնություն, բայց տեղի ունեցավ նախկին-ներկա ձևաչափով գիտակցության և ենթագիտակցության բախում, և հաղթեց իշխանության ձևավորած պատրանքային իրականությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Միգուցե մենք շատ էինք հաշվարկել մարդկանց գիտակցության գործոնը, կարծում էինք՝ մի կողմ կդնեն հուզականությունը, սրան-նրան սիրել-չսիրելու անընդունելի մոտեցումը, պետք էր առաջնորդվել պրագմատիզմով, այդքան չպետք է ապավինեինք հասարակության լայն շերտերի բանականությանը։ Գերակայեց էմոցիան, մարդիկ զգացմունքով գնացին քվեարկության։ Մեր վերջին հանրահավաքն առաջացրեց տագնապի զգացում, նրանք տեսան, որ վերադառնում է իրենց ասած նախկինը, և դա թույլ չտալու համար ընտրեցին այն պատնեշին, որը փակեց մեր վերադարձի ճանապարհը»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Ըստ Ղազինյանի՝ քարոզարշավի ժամանակ բոլոր հնարավոր ուղերձները հղվել են, իսկ ՔՊ ընտրած մարդիկ սարդոստայնում հայտնված թիթեռներ են, որոնց թունավորել են, և նրանց պետք է վերադարձնել բանականության. «Քսան տարվա միֆերի շարանից գեթ մեկը չապացուցեցին, բայց ենթագիտակցորեն դա նստվածք էր թողել, և հնարավոր չէր երեք ամսում դա հանել։ Հայաստանի շահը թելադրում էր, որ մենք ձևավորենք կառավարություն, բայց մենք ստացանք միջին նշաձող։ Նոյեմբերի 9-ից սկսած՝ Հայաստանի հիմնական օրակարգը թելադրում է ընդդիմությունը, իսկ վերջին 25 օրում մեր դաշինքը գտնվում էր հանրության ուշադրության կենտրոնում»:
Ընդդիմադիր կուսակցապետի կարծիքով՝ հիմա անհրաժեշտ է մտածել խորհրդարանում իշխանության սնանկացման մասին. «ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, մեր մեկ պատգամավորն իր ինտելեկտուալ որակներով համարժեք է նրանց 4-5 պատգամավորի։ Այս հիմքի վրա պետք է առաջ գնալ և հաղթել ճակատամարտը։ Այս անգործունակ իշխանությունը չի կարող հինգ տարի գոյատևել, իրենց վարկանիշն իրականում զրո է, իրենք աշխատում են պրակտիկ գործունեություն ծավալած մարդկանց հակավարկանիշի վրա, մոռանում են այլոց ձեռքբերումների մասին և խոսում միայն սխալներից։ Որքա՞ն էր Փաշինյանի վարկանիշը 2018-ի ապրիլի սկզբին»:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հակավարկանիշի տրանսֆորմացիա որպես Փաշինյանի վարկանիշ: «Եղել է ընտրակեղծիքների կազմակերպված սխեմա, շրջիկ խմբերով քվեարկել են գյուղերում, նույն մարդը կարող էր 30 անձնագրով քվեարկել։ Մինչև 200 հազար ձայն կարող է ավելացված լինել։ Նիկոլ Փաշինյանն ստացավ պողպատյա մանդատ՝ Ադրբեջանին հանձնելու հայկական պետությունը»,- ամփոփել է «Հայաստան» դաշինքի անդամը: