211652_close_icon
views-count59653 դիտում article-date 21:56 08-04-2021

Ավելի քան 2 հազար բնակիչ ասում են. Եթե մարդկային կյանքը Ձեզ համար արժեք ունի, «մահաբեր ճանապարհ» անունը ստացած հատվածի խնդիրը լուծեք. նրանք դիմում են ՀՀ ոստիկանապետին, ՃՈ պետին և Երևանի քաղաքապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ ապրիլի 8-ին  SHAMSHYAN.com են դիմել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի  Գուրգեն Մահարի փողոցի ավելի քան 2 հազար  բնակիչ, ովքեր խնդրում են, որպեսզի ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջապես միջոցներ ձեռնարկեն՝ իրենց փողոցում վերջ դրվի երթևեկության  անարխիային:

SHAMSHYAN.com-ը ստորև ներկայացնում է բնակիչների  դիմումը.

 «Հարգելի ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյան, ՀՀ ՃՈ պետ Ե.Կարապետյան, Երևանի քաղաքապետ Հ. Մարության, Ձեզ են դիմում Գուրգեն Մահարի փողոցի 2 հազարից ավելի բնակիչներ, խնդրելով, որպեսզի միջոցներ ձեռնարկեք՝  մեր փողոցում որոշ վայ վարորդների կողմից  երթևեկության անարխիային վերջ տալու ուղղությամբ: Գիտենք, եթե ցանկանաք, այդ հարցը օրերի ընթացքում կլուծեք: Գիտենք նաև, որ  այդ իրավասությունը ՀՀ ոստիկանության և  ՀՀ  ճանապարհային ոստիկանության  գործառույթների մեջ չի մտնում, սակայն դուք կարող եք միջնորդել Երևանի քաղաքապետին, որպեսզի Գ. Մահարի փողոցից դեպի Մուշավան և Ջրաշեն տանող հատվածում տեղադրվեն  արհեստական անհարթություններ, ինչը որոշ վայ վարորդների համար կդառնա զսպաշապիկ:

Հավատացեք,  դուք Ձեր կատարած քայլով բազմաթիվ ընտանիքներ կփրկեք: Այս հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր և ինքնավթարներ են տեղի ունեցել: Եղել են դեպքեր, որ  այդ ամենի հետևանքով  մարդիկ հայտնվել են հիվանդանոցներում: Ցավոք, եղել են նաև ողբերգական ելքով դեպքեր: Նման պատահարներից հետո պատկան մարմինները  ժամանել են ու խոստացել, որ  խնդիրը կլուծեն, սակայն այդ ամենը կարծես պոպուլիստական խոստումներ լինեն: Ոչ մի անգամ խնդիրը չի լուծվել:

Օրեր առաջ իրար վրա ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունեցան: Վստահ ենք, եթե նշված ճանապարհահատվածում տեղադրված լինեին արհեստական անհարթություններ, ապա վարորդները չէին տանջի ավտոմեքենայի գազի սեղմակը:

 Ուզում ենք  Ձեզ նաև հիշեցնել, որ խնդրի մասին մի քանի անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, սակայն դրական պատասխան չենք ստացել, պատճառաբանել են, թե այդ ճանապարհին սխալ է նման անհարթություններ տեղադրելը:

Ողջ թաղամասի բնակիչներով խնդրում ենք՝ դուք տեղադրեք, ինչ է, ձեզ համար կարևորը ճաշա՞կն է, թե՞ մարդկային կյանքը: Ավելի լավ է, մի  2-3 տեղ արհեստական անհարթություններ լինեն, քան ամեն անգամ վթարներից հետո մարդիկ հայտնվեն կամ հիվանդանոցներում, կամ զբաղվեն հուղարկավորություններով:

Ուզում ենք այս անգամ հավատալ, որ մեր կողմից բարձրացված խնդիրը դրական կլուծվի, իսկ դուք էլ հավատացեք՝ ձեր այդ քայլով կարժանանաք բնակիչներիս օրհնանքին, քանի որ այդ փողոցում կան մանկապարտեզներ, դպրոցներ,  ուսումնական հաստատություններ և Մուշավան, Ջրաշեն թաղամասեր այդ հատվածով են մարդիկ տեղաշարժվում»:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 6-ին հերթական խոշոր ավտովթարն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են  Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և  66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած  թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель  մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել էր:

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել էր Երևանի ՃՈ  պետ Խաչիկ Սամվելյանին, իսկ նույն կենտրոնի  պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել են դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանը, ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը:  

Փաստի առթիվ Ա. Մովսիսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Հարությունյանը, ում  հետ էր նաև  Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության բաժնի պետ Հայկ Սարգսյանը հանդիպում ունեցան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցի բնակիչների հետ:  

Հ. Հարությունյանն ու Հ. Սարգսյանը, տեղում լսելով բնակիչների խնդիրը, առաջարկությունները, ուսումնասիրեցին նաև նշված ճանապարհահատվածը և խոստացան, որ թե՛ ճանապարհային ոստիկանությունը, թե՛ Երևանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկեն ի շահ բնակիչների բարձրացված խնդրի լուծմանը:

Որոշ ժամանակ նրանք  մնալով այդ հատվածում, համոզվեցին, որ իրոք վտանգված է այդ փողոցի բնակիչների, ինչու չէ, նաև այցելուների կյանքը: Նրանք ականատես եղան նաև,  թե ինչպես են որոշ վայ վարորդներ տանջում ավտոմեքենայի գազի սեղմակը ու դրա արդյունքում  հետիոտները չէին կարողանում փողոցն անցնել: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր