211652_close_icon
views-count2328 դիտում article-date 13:41 02-04-2021

Մի ծաղկով էլ գարուն կգա. իրականացվեց ապրիլ1յան խորհրդանշական «Կենաց ծառ» ծառատունկ-արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հավանաբար, արահետն ունի մի անբացատրելի ձգողական ուժ. այն դեպի իրեն է կանչում` ուղղորդելով քայլերը, երբեմն անտեսանելի, բայց ապագայի հանդեպ հույս ներշնչող ճանապարհով:

Այդպիսինն է Երևանի բուսաբանական այգու` «Անկախության արահետը», որն ապրիլի 1-ին իր հյուրընկալ դռները բացեց Ապրիլ1յան «Մեկից մեկ» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների առջև` երկիծաբան Սամվել Բաղդասարյանի գլխավորությամբ: 

Համատեղ ջանքերով արահետը հարստացավ ևս մեկ ծառով: Իրականացվեց ապրիլ1յան խորհրդանշական «Կենաց ծառ» վերնագրված ծառատունկ-արարողությունը: Ետպատերազմյան իրականության համատեքստում, «Կենաց ծառը» յուրահատուկ սիմվոլ է` շարունակականության, լավատեսության ու կենսահաստատ ապագայի:

Արարողության մասնակիցներից յուրաքանչյուրը մեկ բահ հողով ամրացրեց նորատունկ ծառի արմատը` բացակա չդնելով իրենց ընկերոջը` պատերազմում զոհված դերեսան-մնջախաղաց Հովհաննես Հաջինյանին: Մեկ բահ էլ ավելացվեց նրա անմար անունից: 
Չկտրվելով իրականությունից, նախաձեռնության անդամները ծառատունկի լուրջ արարողությունը զուգորդեցին հումորով, կատակներով, պրիլ1յան հիմնի հնչյունների ներքո, հանդես եկան շնորհավորական խոսքերով, բարեմաղթանքներով:

Հատուկ շնորհակալություն հայտնեցին Երևանի բուսաբանության ինստիտուտին, հանձինս տնօրեն Անահիտ Ղուկասյանին` նախաձեռնությունը ողջունելու և ծառ-տնկիները տրամադրելու համար։

Հ.Գ. Հիշեցնենք, որ  մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով, խորհրդանշական «Անկախության արահետը», իր ծնունդը արձանգրեց 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանի բուսաբանական այգում, նույն օրը ծնունդ տալով նաև 30 ծառ-տնկիներին:  Իսկ սեպտեմբերի 26-ին արահետում անցկացվել էր, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակին նվիրված ծառատունկ-հիշատակումը։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր