211652_close_icon
views-count1218 դիտում article-date 19:35 04-02-2021

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Փետրվարի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Մարիյասինին՝ համագործակցության եւ տարբեր ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանի եւ ՄԱԶԾ-ի միջեւ գործակցությանը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դ. Մարիյասինը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԱԺ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար: Նա խոսել է նաեւ Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացված տարբեր ծրագերի մասին: Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է անցած տարի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, դրա ծանր հետեւանքներին՝ առաջնահերթ համարելով հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի հարցը: Խորհրդարանի խոսնակի կողմից կարեւորվել է նաեւ պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական այլ խնդիրների շուտափույթ հաղթահարումը եւ դրանում միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածությունը: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դմիտրի Մարիյասինին նորանոր հաջողություններ է մաղթել իր հետագա գործունեության ընթացքում:

Նմանատիպ նյութեր