211652_close_icon
views-count6826 դիտում article-date 19:37 11-07-2020

200 միլիոն դրամի ներդրում` Ախթալա խոշորացված համայնքում. ՀՏԶՀ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր ՏԿԵ նախարարության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ՀՏԶՀ-ի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի համակարգող Գոռ Դարբինյանի ուղեկցությամբ այցելեց Ախթալա համայնք, որտեղ իրականացվել են խոշոր ներդրումներ: Այցի նպատակն էր` տեղում ծանոթանալ «Ախթալա խոշորացված համայնքի կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական վերազինում, գյուղատնտեսության աջակցություն և տրանսպորտային համակարգի ձևավորում» ծրագրի արդյունքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 200 միլիոն դրամ: Վերը նշված ծրագրի երկրորդ բաղադրիչով` Ախթալա խոշորացված համայնքն արդեն իսկ ստացել է 101 միլիոն դրամի գույք, այդ թվում՝ 150 աղբաման, հացահատիկային կոմբայն, միկրոավտոբուս և մեկ ինքնաթափ մեքենա, ևս մեկ աղբատար մեքենա կստանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ընթացիկ տարում համայնքը կստանա նաև բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, շարքացան, սրսկիչ, խոտհավաք և խոտհնձիչ: ՀՏԶՀ Գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղում հանդիպեց համայնքի ղեկավարի և բնակիչների հետ. նա նախ շնորհավորեց համայնքի ներկայացուցիչներին` համայնքի կարողությունների զարգացման առումով և հույս հայտնեց, որ խոշորացված համայնքում հետայսու ավելի կհեշտանան գյուղատնտեսական աշխատանքներն, և կբարելավվի համայնքային ծառայությունների որակը: Բացի այդ` համայնքը սեփական պահանջարկը բավարարելուց զատ` հնարավորություն կունենա էականորեն ավելացնել սեփական եկամուտները: Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը և համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին հյուրերին` ծրագրի հաջող իրականացման համար` նշելով, որ համայնքում ընթացող գյուղատնտեսական աշխատանքները, շնորհիվ այս ծրագրի, կիրականացվեն առավել արդյունավետ: Ներդրումները կատարվել են ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի երկրորդ բաղադրիչի՝ «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր ղեկավարումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր