2284 դիտում
10:47 28-02-2020
Հանրաքվեի լոգոն բովանդակային ակնարկ է պարունակում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հարցը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։ Ընտրողների 95 տոկոսն այդ հարցին պատասխանել է «այո»: Ի դեպ, եթե նույն հարցը հանրաքվեի դրվեր 1992 կամ 93 թվականներին, «այո»-ն, կարծում եմ, կստանար ավելի ցածր տոկոս:
Պարզ է՝ պետության անկախությունը (ինչպես և ազատության ցանկացած այլ տեսակ) իր մեջ պարունակում է արժանապատվության, հպարտության մեծ լիցք, բայց նաև՝ խնդիրների, չարչարանքի, դժվարությունների նույնքան մեծ չափաբաժին՝ վերջինս շատ մարդկանց ստիպում է ազատությունից փախչել և վերադառնալ, այսպես ասած, «հարմարավետության գոտի»:
Այսօր ես այդ «այո»-ի համար ամենևին չեմ ափսոսում և շնորհակալ եմ թե՛ խորհրդային շրջանի այլախոհներին, որոնք մեծ զրկանքների գնով պայքարում էին անկախության համար, և այն պահի Հայաստանի ղեկավարներին, որոնք քաղաքական և իրավական տեսանկյունից ճշգրիտ ուղիով տարան Հայկական ԽՍՀՄ-ը դեպի անկախ Հայաստան:
1991 թվականի սեպտեմբերի 23-ի «Երեկոյան Երևան» թերթի առաջին էջում հայտնված նկարը, որը թյուրիմացաբար կամ գուցե ինչ-որ մեկի, մեղմ ասած, անբարեխղճության պատճառով դարձավ առաջիկա՝ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի «այո»-ի քարոզչության լոգոն, բացի «այո» բառից այլ տարր է պարունակում. պատկերում է շղթաներ, որոնք միաժամանակ կազմում են СССР հապավումը: Խորհուրդը պարզ է. «այո»-ն ճեղքում էր, կոտրում էր այդ պահին իր վերջին ամիսներն ապրող կայսրությունը, և դրանով արտահայտում էր մեր ժողովրդի կամքը՝ ապրել այդ կայսրությունից դուրս: (Կրկնեմ, հետագա մի քանի տարում շատերի մոտ այդ ցանկությունը զգալիորեն նվազել էր):
Այդպիսով, ամեն մի լոգո, ամեն մի խորհրդանշական նկար ունի իր պատմությունը, իր համատեքստը, որը տալիս է նրան համապատասխան իմաստն ու բովանդակությունը: Այսինքն, եթե ես «Առավոտի» առաջին էջում տեղադրեմ մուրճ և մանգաղ և ասեմ, որ դրանք սոսկ իմ հարգանքն են արտահայտում բանվորի և գյուղացու աշխատանքի հանդեպ, դա այդպես չի ընկալվի: Դա կընկալվի որպես որոշակի ժամանակաշրջանի, որոշակի գաղափարախոսության, որոշակի երկրի խորհրդանիշ:
Խնդիրը, հետևաբար, ոչ այնքան առաջիկա հանրաքվեի լոգոյի հեղինակային իրավունքն է, գրագողություն լինել-չլինելը և հեղինակներին փոխհատուցելը, որքան նույն լոգոյով երկու հանրաքվեների բովանդակությունների տարբերությունը:
Թե ինչ հարց է դրվելու ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեում՝ ԿԸՀ-ն դեռևս չի հաստատել քվեաթերթիկի նմուշը: Բայց տրամաբանությունը հուշում է, որ հարցը պետք է լինի այսպիսին՝ «դուք կո՞ղմ եք սահմանադրական փոփոխություններին»: Իսկ դրա տակ հասկացվում է հետևյալը՝ «դուք կո՞ղմ եք, որ ՍԴ յոթ անդամներն այլևս չպաշտոնավարեն»:
Հիմա համեմատեք այդ հարցը 1991 թվականի հանրաքվեի հարցի հետ, որը մեջբերված է հոդվածի սկզբում, համեմատեք այդ հարցերի նշանակությունը, մասշտաբը, իմաստը: Դրանք չեն կարող նույն լոգոն ունենալ: Այնպես որ, եթե ուշ չէ, արժե հայտարարել լոգոյի նոր մրցույթ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3802 դիտում
10:00 24-08-2016
Հայաստանի լոգոն կրքեր է բորբոքել. «Առավոտ»
2319 դիտում
12:23 29-11-2019
Ակնարկ՝ նվիրված Գոհար Վարդանյանի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»