211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Ճամբարակ - Վահան ճանապարհին «BMW»-ն բախվել է ձիուն. ձիավարը տեղափոխվել է հիվանդանոց, ձին տեղում սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count13783 դիտում article-date 22:41 30-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել է ձիուն, որի վրա ձիավարն է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձիավարը տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ ձին տեղում սատկել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Հրաչյա Գևորգյանի, Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուրիկ Շահինյանն ու Արայիկ Դավթյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և ձիավարի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ձիավարին Ճամբարակի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր