211652_close_icon

Պարզվել են Տավուշի մարզի անտառային հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ամուսնու և վիրավոր կնոջ ինքնությունները. նրանք իրենց խնամքի տակ ունեն 4 անչափահաս երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count32279 դիտում article-date 12:56 31-10-2025
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պազվել է հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «ՈւԱԶ»-ը (Վիլիս) վարել է Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Նվեր Ա.-ն, ով տեղում մահացել էր, իսկ վիրավորը ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարինե Ա.-ն է: 

Վերջինները Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուրի հարևանությամբ գտնվող «Դուռնալու» կոչվող հանդամասից դուրս էին եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր անտառային հատվածով անցնելով բախվել էին ծառին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ էին, խնամքին ունեին 4 անչափահաս երեխա: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «ՈւԱԶ» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել էր հաստաբուն ծառին: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Բերդ» հիվանդանոց: 
 
Վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Բաբասյանը՝ պարեկային ավտոմեքենայով: 
 
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արամայիս Սիմոնյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Շավարշ Մաճկալյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Ղազարյանը: 
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորն ամուսիններ են, վիրավորը կինն է: 

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Տավուշի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի և օրվա պատասպանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր