211652_close_icon
views-count1976 դիտում article-date 11:06 11-01-2020

Պետք չէ նեղվել շնորհավորելուց և չշնորհավորելուց․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցավ հետտոնական առաջին աշխատանքային շաբաթը: Հիմնական իրադարձությունները ծավալվում էին միջազգային ասպարեզում, մեր տարածաշրջանում: Թրամփը հրամայեց սպանել իրանցի ազդեցիկ գեներալ Սուլեյմանիին, հրամանը կատարվեց, սպանվեցին նաև իրանամետ դիրքորոշում ունեցող մի շարք իրաքցի դաշտային հրամանատարներ: ԱՄՆ նախագահն իր արածից գոհ մնաց: Իրանի իշխանությունը հարվածներ կազմակերպեց Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, հայտարարեց, որ սպանել է 80 զինծառայողի ու նույնպես գոհ մնաց: Լայնամասշտաբ պատերազմ, կարծես թե, չի նախատեսվում, և դրանից գոհ են բոլոր նորմալ մարդիկ, այդ թվում, իհարկե, ԱՄՆ-ի և Իրանի ժողովուրդները: Հայաստանի ներքին կյանքում ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել: Նոր աղմկահարույց ձերբակալություններ առայժմ չկան: Հին ձերբակալվածների հետ կապված գործընթացները, հասկանալի պատճառներով, առայժմ ակտիվ չեն: Լրացավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը՝ Աստված երկար կյանք տա: Ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը նրան շնորհավորեց և ուղերձում ջերմ խոսքեր գրեց, ինչը համապատասպանում է պետական մշակույթի մասին իմ պատկերացումներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան չշնորհավորեց՝ քաղաքական գործիչներն առաջնորդվում են իրենց քաղաքական օրակարգով, որը միշտ չէ, որ մեզ՝ շարքային քաղաքացիներիս, հասկանալի է: Բոլոր դեպքերում չշնորհավորելուց չարժե նեղվել: Բայց ես ուզում եմ մի քանի բառ ասել ընդհանրապես շնորհավորանքների մասին, տվյալ դեպքում՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդի: Որքան տեսնում եմ, այդ առիթով սոցցանցերում թեթևակի վեճեր կան: Մասնավորապես, կան մարդիկ, որոնց այդ շնորհավորանքը հունից հանում է՝ նրանք ջղային գրառումներ են անում, թե «ինձ շամպայնի շշեր և Ձմեռ պապիկի նկարներ ու վիդեոներ մի՛ ուղարկեք»: Անձամբ ես դա չեմ անում՝ հասկանալով, որ կան տարբեր համոզմունքների և մշակույթի մարդիկ: Որոշ մշակույթներում (նաև մեր հեթանոսական ավանդության մեջ) Նոր տարին այլ ամսաթվից է սկսվում, էլ չեմ ասում, որ կան աթեիստներ և ագնոստիկներ, որոնք չեն ընդունում Սուրբ Ծննդի խորհուրդը: Ավելին՝ կան կրոնական ուղղություններ, որոնց անդամներն անգամ իրե՛նց ծննդյան օրը չեն նշում: Բայց մյուս կողմից, եթե մեկն ինձ շնորհավորում է, այսինքն՝ իր բարի, դրական ալիքներն ուղարկում է իմ ուղղությամբ, ես դրանից չեմ նեղվում՝ անկախ նրանից, թե ինչպես եմ գնահատում այդ շնորհավորանքի ձևն ու բովանդակությունը: Այնպես որ՝ կրկին շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց լավ տրամադրությունը կիսեցին ինձ հետ: Բոլորիս արգասաբեր տարի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր