211652_close_icon
views-count3554 դիտում article-date 10:27 30-09-2020

Ամեն մի պետություն իր շահերն ունի, և ոչ մեկից պետք չէ ո՛չ նեղվել, ո՛չ հրճվել, ո՛չ էլ հաշիվ պահանջել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատերազմ վարելու համար, իհարկե, պետք է մարտական բարձր ոգի, հայրենասիրություն, հայրենիքի պաշտպանության գործին նվիրվածություն: Այս օրերին տեսնում ենք, որ մեր ազգը լիուլի օժտված է նշված հատկություններով, և այդ առումով կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ նման պահերին մենք 10 միլիոնանոց մեկ թիմ ենք: Դրանում համոզվելու համար բավարար է անցնել մեր զինկոմիսարիատների կողքով: Կա ևս մի շատ կարևոր հատկանիշ, որն անհրաժեշտ է պատերազմի համար՝ դա սառնասրտությունն է: Նման վարքագիծ է դրսևորում, օրինակ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նրա հանգիստ և ինքնավստահ կեցվածքը անկեղծ է, համոզիչ է և փոխանցվում է հասարակությանը: Սակայն համացանցում ոչ բոլոր հայերն են սառնասիրտ՝ մարդիկ հանրայնացնում են իրենց վիշտը, ցասումը, նեղվածությունը և այլ բացասական զգացմունքներ, ինչը տվյալ դեպքում, կարծում եմ, սխալ է: Սառնասրտության պակասը հաճախ զգացվում է նաև «աշխարհաքաղաքական» ասպարեզում: Մինչդեռ պարզ է, որ ամեն մի պետություն իր շահերն ունի, և ոչ մեկից պետք չէ ո՛չ նեղվել, ո՛չ հրճվել, ո՛չ էլ հաշիվ պահանջել: Հուզական զեղումները՝ այ, իմացեք, թե ովքեր են մեր թշնամիները, ընդունելի չեն ընդհանրապես և մերժելի են հատկապես պատերազմի ժամանակ: Սթափ մոտեցումը պահանջում է հաշվարկել, թե որքանով են մեր և այլ պետությունների շահերը համընկնում և որքանով են հակասում: Այս պահին Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի շահերը 100 տոկոսով իրար հակասում են: Մնացած պետությունների մասին չենք կարող նույնը պնդել (թերևս՝ բացի հեռավոր Պակիստանից): Հետևաբար, այստեղ պետք է փնտրել շահերի գոնե 1 տոկոսանոց համընկնում և օգտվել դրանից: Հավելեմ, որ չեմ կարծում, թե Էրդողանի և ամբողջությամբ նրա ազդեցության տակ գտնվող Ալիևի մոլագարությունը բխում է այդ պետությունների շահերից: 1930-ականներին էլի մեկը կար Գերմանիայում, որը կարծում էր, թե կարող է կայսրություն կառուցել: Սկզբնական շրջանում տարբեր շահեր ունեցող պետություններին թվում էր, թե նրանք կարող են այդ մոլագարին օգտագործել իրար դեմ, մինչև որ, սարսափելի գին վճարելով, հասկացան, որ պետք է միավորվել նրա դեմ: Էրդողանի դեպքում էլ է գալիս այդ ժամանակը, և այն, որ մեր հերոս զինվորները ձախողում են նրա ծրագրերը, նպաստում է գործընթացի արագացմանը: 21-րդ դարում նացիզմը (այս անգամ «թուրանական կայսրության» երազանքի տեսքով) դատապարտված է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր