211652_close_icon
views-count23545 դիտում article-date 10:39 27-07-2017

Նեղվել, պատժամիջոց կիրառել, վրեժ լուծել... Այդ ամենը պաշտոնյայի պարտականությունների մեջ չի մտնում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Համացանցում բռնկված «մամուլի քարտուղարներ- լրագրողներ» բանավեճը ոչ առաջինն է, ոչ էլ վերջի­նը: Մեծ հարգանք ունեմ երկու կողմերի նկատմամբ և կարծում եմ՝ երկուսն էլ ունեն իրենց փաստարկնե­րը: Այնուամենայնիվ, «շատ հին ժամանակների» մա­մուլի քարտուղար լինելով, ինձ թույլ կտամ մի փոքր հուշել գործընկերներիս, «դու հոդվածներ ես գրում իմ, իմ շեֆի կամ իմ գերատեսչության դեմ, և այդ պատճառով ես քո նկատմամբ պատժամիջոցներ եմ կիրառում» մոտեցումն, ինձ թվում է, սխալ է: Պետա­կան ծառայողը պետք է դուրս մնա նման էմոցիանե­րից և իր ծառայությունները մատուցի բոլոր շահառու­ներին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից և այդ շահառուների՝ տվյալ գերատեսչության ու նրա ղեկավարի հանդեպ վերաբերմունքից: Ի՞նչ իրավունք ունեմ ես այդ ամենն ասելու: Մի՞թե ես իմ պետական ծառայության ժամանակ և դրանից հետո թույլ չեմ տվել սխալներ: Իհարկե, բազմիցս սխալվել եմ և գուցե ավելի լուրջ, քան իմ երիտա­սարդ գործընկերները: Ասել, որ ես երբեք չեմ բռնկվում և միշտ ադեկվատ եմ արձագանքում իմ հասցե­ին հնչած խայթոցներին կամ, առավել ևս, հայհո­յանքներին՝ ցավոք սրտի, չեմ կարող: Ոչ մեկս կա­տարյալ չի: Չնայած վերջերս ձևը գտել եմ: Քանի որ այդ անձնական հարձակումները հիմնականում ֆեյսբուքով են, դրանից խուսափելու տեխնիկական հնարավորությունը կա: Ենթադրենք, մեկն իր գրառման տակ իմ անունն է նշում (tag է անում), որպեսզի ես կարդամ նաև տակը գրած «քլնգող» մեկնաբանությունները: Շատ հեշտ է այդ գրառումից քեզ untag անելը՝ սեղմելով remove tag-ը, իսկ բոլոր մնացած դեպքերում սեղմել turn off notifications և վերջ՝ քեզ փնովելու միջոցով ինքնահաստատվողները թող որ­քան ուզում են և ինչ ուզում են գրեն: («Չեք ուզում, հա՞, Ձեզ քննադատող մեկնաբանությունները կար­դալ» կանխատեսելի ռեակցիային պատասխանեմ՝ տեքստեր կարդալու բավականաչափ փորձ ունեմ «քն­նադատող մեկնաբանությունները» անձնական վիրա­վորանքներից տարբերելու համար): Բայց կրկնեմ՝ այս հոգեվիճակին հասնելու համար տարիներ են պետք, և հիմա նորից կրկնեմ՝ եթե որևէ խայթոցին սուր եմ արձագանքել, ապա ներողություն եմ խնդրում ու, իհարկե, ամբողջ սրտով ներում եմ բոլոր նրանց, ով­քեր ինձ վիրավորել են: Սակայն իմ պարագան փոքր-ինչ ուրիշ է. ես արդեն 23 տարի է՝ պետական ծառայող չեմ՝ ինչպես եմ արձագանքում, կարդում եմ, թե չեմ կարդում՝ դա, ի վերջո, իմ անձնական գործն է: Ուրիշ հարց, եթե ես ներկայացնեի պետական գերատեսչություն, որը գո­յություն ունի հարկատուների հաշվին, և որին մենք՝ հարկատուներս, հանձնարարել ենք կատարել այս կամ այն գործառույթները: Ոչ այդ գերատեսչությունն է Աստծո տաճար, ոչ դրանց ղեկավարներն են օժտ­ված ինչ-որ աստվածային շնորհներով, ոչ էլ այդ ղե­կավարների խոսնակներն են վերջին ճշմարտություն­ների մունետիկները: Պետական գերատեսչություննե­րի բոլոր աշխատակիցները մեր համաքաղաքացի­ներն են, որոնք ժամանակավորապես կատարում են մեր՝ հարկատուների կողմից սահմանված պարտակա­նությունները: Նեղվել, պատժամիջոցներ կիրառել, առավել ևս՝ վրեժ լուծել… Այդ ամենը պետական պաշտոնյայի պարտականությունների մեջ չի մտնում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր