211652_close_icon

Հորդորում ենք պատշաճ հարգանք ցուցաբերել. SHAMSHYAN.com-ի արձագանքը

views-count11838 դիտում article-date 18:46 02-07-2025
SHAMSHYAN.com-ը վրդովմունք է հայտնում ակտիվիստ Արթուր Չախոյանի անտակտ գրառման կապակցությամբ։

«Այ սենց՝ հողի վրա, առանց փոշեզրկման ու առանց նորմալ բիտումի, ասֆալտ են փռում, որը կարճ ժամանակ անց քանդվում է, ու պաշտոնյաների ախորժակի չափ «փոսեր» են առաջանում։ Եթե «փնթի կառավարումը» սպորտաձև լիներ, ապա «թաղապետ» Արտակ Հովակիմյանը հաստատ կզբաղեցներ առաջին տեղը։ Հեսա Գագիկ Շամշյանը կգա ու շնչակտուր ռեպորտաժ կնկարահանի՝ գովերգելով «թաղապետին»»,- այսօր՝ հուլիսի 2-ին, գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

SHAMSHYAN.com-ը հարկ է համարում հիշեցնել, որ Գագիկ Շամշյանը լրագրությամբ է զբաղվում դեռ 1990 թվականից, երբ պարոն Չախոյանը, ամենայն հավանականությամբ, դեռ չէր ծնվել։ 90-ականներից մինչ օրս Գագիկ Շամշյանը լուսաբանում է հանրությանը հուզող խնդիրներ, հասնում դրանց լուծմանը, քննադատում անգործության մատնված, անբարեխիղճ, ապաշնորհ չինովնիկներին։ Նա մշտապես հավատարիմ է լրագրողի առաքելությանը, կոչմանը, էթիկայի նորմերին, և երբեք չի անցել պարկեշտության սահմանը հանրային խոսքում, ի տարբերություն մերօրյա բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչների, այդ թվում՝ Չախոյանի։

Տեսակետ կա, որ Չախոյանի հասարակական ակտիվութունը պայմանավորված է քաղաքական որոշ շրջանակների ու խմբերի հետ կապերով ու փոխադարձ շահերով։ Այս առումով անհայտ է, թե ինչո՞վ է զբաղվելու նա, եթե վաղը նրա գործընկեր ուժերը իշխանության գան։ Բայց Գագիկ Շամշյանը ինչպես երեկ, վաղն էլ շարունակելու է հանրօգուտ գործունեությունը, քննադատելու է ապաշնորհ չինովնիկներին, լրագրողի կոչման ու առաքելության շրջանակում լուսաբանելու է հանրային իրադարձությունները` հանրությանն իրազեկելով կարևորի մասին, վեր հանելով ցավոտ խնդիրներ, հասնելով դրանց լուծմանն ի շահ քաղաքացու և պետության։

SHAMSHYAN.com-ը հորդորում է պարոն Չախոյանին պատշաճ հարգանք ցուցաբերել վաստակ ունեցող, հանրային ճանաչում վայելող լրագրող Գագիկ Շամշյանի հանդեպ։

SHAMSHYAN.com-ը նաև ակնկալում է, որ հասարակական ակտիվիստը հետայսու կմնա իր առաքելության ու պատասխանատվության շրջանակում և զերծ կմնա Գագիկ Շամշյանին հանիրավի թիրախավորելուց։

Նմանատիպ նյութեր