ՀՀ կառավարությունն առաջարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Ջրի ազգային ծրագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Նախագծերի մշակման համար հիմք է հանդիսացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը՝ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու և լիազորությունները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ: Համաձայն գործող Ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի՝ Ջրի ազգային խորհուրդը եզրակացություն է տալիս ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր ՀԷԿ-երի կառուցման, ինչպես նաև Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունների վերաբերյալ: ՀՀ-ում արդեն ընդունված են մի շարք ջրավազանային կառավարման պլաններ, և Ջրի ազգային խորհուրդն արդեն կորցրել է տարիներ առաջ իր ունեցած կարևորությունը»,-ասաց Գրիգորյանը:
Խորհրդի գործունեությունն ու լիազորություններին վերաբերող դրույթները կհամարվեն ուժը կորցրած՝ փոխանցելով դրանք Շրջակա միջավայրի նախարարությանը: