211652_close_icon
views-count1145 դիտում article-date 14:47 26-04-2019

ԵՊՀ-ում տեղի է ունենում սոցիալական ձռնարկատիրության զարգացման վերաբերյալ համաժողով. այն ուղեկցվում է ցուցահանդես-վաճառքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում այսօր տեղի է ունենում «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողով, որն ուղեկցվում է սոցիալական ձեռնարկությունների ցուցահանդես-վաճառքով: Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված են սոցիալական խնդիրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, որի շահույթի մեծ մասը ծառայում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը: «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» (ՀՍՁԱ), «ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ձեռներեցության զարգացման կենտրոնի համատեղ այս միջոցառումը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոլորտի դերակատարներին քննարկելու սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգին առնչվող կարևորագույն խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։ Միջոցառումն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ղեկավարվող «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ծրագրի շրջանակում Եվրոպական միության և «ԷկոԼաբ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ: ՍՁ ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին ՀՀ տարբեր մարզերում գործող ՍՁ-ներ: Նորաստեղծ ՍՁ-ների թվում են կարի արհեստանոցը, պլաստիկի վերամշակման գործարանը, հրուշակեղենի արտադրամասը, որոնք ստեղծել են մի քանի տասնյակ աշխատատեղեր, իսկ եկամտի առնվազն 50%-ն ուղղում են համայնքի խնդիրների լուծմանը: Պաշտոնական բացման ժամանակ ելույթ ունեցավ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը՝ մաղթելով արդյունավետ քննարկում, որը կարող է պարբերական դառնալ: «Ուրախ եմ, որ ԵՊՀ-ն դառնում է համապետական ներուժի համախմբման հարթակ»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ հրաշալի է ցուցահանդեսի ժամանակ տեսնել այդ բոլոր բիզնեսները: Ըստ նրա՝ ԵՄ պատվիրակությունը հետաքրքրված է այս ոլորտով և իր գործունեությունն է ուղղում սոցիալական և համայնքային օժանդակությանը: «Վերջին տարիների ընթացքում ինձ հետաքրքիր է հետևել ոլորտի առաջընթացին, այս միջոցառումը դրա մի մասն է»,- ասաց Ստանիսլավ Տոշկովը: «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» տնօրեն Սաթենիկ Բադեյանը խոսեց պետական մարմինների, բիզնես սեկտորի և քաղաքացիական հասարակության համագործակցության մասին, որն ուղղված կլինի սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ու կայացմանը: «Դեռ շուտ է խոսել այն մասին, որ ոլորտը կայացած է, բայց մենք ունենք կայացած մոդելներ, որոնք կարելի է տարածել այլ համայնքներում: Այդ նպատակով մենք ձեռնարկեցինք այս համաժողովը»,- ասաց Սաթենիկ Բադեյանը: Նա անդրադարձավ նաև ՍՁ կրթության խնդիրներին՝ նշելով, որ արդեն կա հայալեզու ձեռնարկ, ինչը նշանակում է, որ նախանշվում է խնդիրների լուծման ուղին: «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Զադոյանը կարևորեց ՍՁ-ների դերը՝ նշելով դրանց մեծ ներուժը: «ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի տնօրեն Յանա Մկրտչյանը ՍՁ-ների զարգացումն ու կայունացումը համարեց իրենց հիմնադրամի ռազմավարական ճյուղերից: «Նշեմ նաև, որ մենք սկսեցինք մտածել ոլորտի մասին և դարձանք այս ժողովի նախաձեռնողներից մեկը, քանի որ շահագրգռված ենք խոսելու խնդիրների մասին և քարտեզագրելու ներուժը»,- ասաց Յանա Մկրտչյանը: Բացումից հետո համաժողովը շարունակվեց պանելային քննարկումներով, որոնց հիմնական թեմաներն են Սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգը և ոլորտի զարգացմանն աջակցող մեխանիզմները, ՍՁ իրավական կարգավորման հարցերը, ՍՁ կրթության խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Համաժողովին որպես բանախոս մասնակցում են ինչպես ՀՀ տարբեր մարզերի սոցիալական ձեռնարկատերեր, այնպես էլ ԱԺ պատգամավորներ, ոլորտին առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, դաշտում ներդրումներ անող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի հիմնական նպատակն է ցույց տալ ՍՁ-ների դերը համայնքների զարգացման գործում, ապահովել ոլորտում փորձի փոխանակումը, խոչընդոտների վերհանումը և դրանց լուծման տարբերակների քննարկումը, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների ու հայեցակարգերի նախանշումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր