28868 դիտում
15:54 15-02-2019
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան – Թբիլիսի երկաթգիծը` պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան – Թբիլիսի երկաթգիծը` պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ:
Երկու օր առաջ նույն իրավիճակն էր, սակայն բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին Լոռու մարզպետն ու մարզի Ոստիկանապետը, պայմանավորվեցին՝ երկաթգիծը բացել և հարցը քննարկել փետրվարի 15-ին կայանալիք հանդիպմանը:
Դրան պետք է ներկա լինեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՎՏԲ բանկի ներկայացուցիչը, ACP ընկերության սեփականատերն ու գործազուրկ դարձող ալավերդցիները:
Այսօր՝ նախապես հայտարարված ժամին, ալավերդցիները երկաթգծի մոտ էին, սակայն կառավարության ներկայացուցիչներն այդպես էլ չեկան: Այս անգամ էլ հանդիպման եկավ մարզպետը Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի հետ:
Տեղում էին նաև Ալավերդու քաղաքապետն ու ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը: Որպեսզի քննարկումը բաց երկնքի տակ չծավալվի, մարզպետն առաջարկեց տեղափոխվել երկաթգծի հարևանությամբ գտնվող Մշակույթի տան դահլիճ:
Դահլիճում Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ այս ընթացքում հանդիպել են ՎՏԲ բանկի ներկայացուցիչների հետ, փորձում են այլ ներդրող գտնեն:
Հիմա երկու օպերատորների հետ քննարկումներ են գնում: Թե կոնկրետ, որ ընկերությունների մասին է խոսքը, մարզպետը չբարձրաձայնեց, սակայն վստահեցրեց, որ համաձայնության անպայման կգան: Նա առաջարկեց 4-5 հոգուց կազմված խումբ ձևավորել, գնալ Երևան և հարցը քննարկել փոխվարչապետի հետ:
Ալավերդցիները չհամաձայնեցին, պահանջեցին, որ փոխվարչապետն ինքը գա Ալավերդի:
Նրանք նշեցին, որ սեպտեմբերից երեք անգամ խմբով եկել են Երևան, նախնական պայմանավորվածություն ունեցել, որ Տիգրան Ավինյանը նրանց պետք է ընդունի, սակայն հանդիպումը ոչ թե փոխվարչապետի, այլ նրա գրասենյակի ղեկավարի՝ Վարագ Սիսեռյանի հետ է եղել և որևէ արդյունք չի տվել:
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները արդարացիորեն դժգոհում էին, որ վարչապետն ու փոխվարչապետն իրենց չեն ընդունում:
Նրանց խոսքով, երբ որևէ գյուղի մանկապարտեզում կամ դպրոցում մի քանի ծնող ինչ-որ հարցից դժգոհում են, վարչապետն անձամբ մեկնում է և տեղում ծանոթանում է խնդրին: Մինչդեռ 600-ից ավելի ալավերդցիներ ամիսներ շարունակ գործազուրկ դառնալու մասին են բարձրաձայնում և անտեսվում են:
Ակցիայի մասնակիցները բոյկոտեցին փոքրիկ խմբով Երևան մեկնելու մարզպետի առաջարկը, դադարեցրեցին քննարկումը և վերսկսեցին բողոքի ակցիան: Նրանք խոստանում են երկաթգիծը փակ պահել այնքան՝ մինչև վարչապետը կամ փոխվարչապետն իրենց հետ հանդիպի և գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխան տա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+