Աբովյան քաղաքի 1-ին փողոցի սեփական տների բնակիչներն ասում են․ «Վեոլիա Ջուրը ունքը սարքելու փոխարեն աչքը հանեց, փոսը փորելուց հետո ասեցին՝ սա մեր վրով չի ու հեռացան, իսկ կեղտաջրերն ու անձրևաջրերը լցվում են մեր տները» ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ եղանակը անձրևում է, Աբովյան քաղաքի գլխավոր փողոցներից մեկում՝ Աբովյան 1-ին հասցեին հարակից սեփական տների բնակիչները հայտնվում են անելանելի վիճակում, քանի որ կոյուղատարերի խցանման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս ու ողողում ողջ փողոցը՝ լցվելով մարդկանց բակեր ու տան նկուղներ։ Մարդիկ այնքան են հոգնել «Վեոլիա Ջուր» ահազանգելուց, որ երբ լսում են «Վեոլիա Ջուր», ամենաքաղցր խոսքերն են ուղղում նրանց հասցեին։
Երեկ հերթական անգամ նույն ու ավելի «դաժան» պատկերն էր ստեղծվել, քանի որ ոչ միայն անձրևաջուրն ու կեղտաջուրը, այլև գարշահոտը զգացվում էր մի քանի հարյուր մետրից։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․
«37 տարի է՝ ապրում ենք այս հասցեում ու 37 տարի է՝ միշտ նույն խնդրի առաջ ենք կանգնած։ Ում ասես՝ դիմել ենք, միայն դատարկ ու սին խոստումներ ենք լսում, մի քանի անգամ «Վեոլիա Ջրին» անհանգստացնելուց հետո տեղի մասնագետները եկան, ասացին, որ խնդրին լավ տեղյակ ենք, կաշխատենք հրատապ կարգով լուծել։
Շատ ուրախացանք, բայց ու՞մ էր պետք, որ այն մի քանի ժամ տևեց, որովհետև որտեղից որ ջուրը դուրս էր գալիս, «Վեոլիա Ջրի» աշխատողները քանդեցին, իսկ կարճ ժամանակ հետո ասացին, թե սա մեր խելքի բանը չի, ուրիշին դիմեք։
Բայց ինչո՞ւ ուրիշին դիմենք, երբ դա իրենց գործն է, ու «Վեոլիա Ջրին» ենք վճարումները կատարում էն էլ պարտաճանաչ, ինչու՞ է 21-րդ դարում նման ոչ սրտացավ մոտեցում սպառողի նկատմամբ, այն սպառողի, որը պարտաճանաչորեն վճարումները կատարում է։
Հիմա չգիտենք էլ՝ որ կառույցին դիմենք, Աբովյանի քաղաքապետարանը մի քանի անգամ փորձել է ինքը խնդիրը լուծել, սակայն դա իր իրավասության մեջ չի մտնում, հիմնական պատասխանատուն «Վեոլիա Ջուրն» է, որը քանի տարի է՝ բացի գարշահոտից ու հակասանիտարական վիճակից մեզ ուրիշ բան չի պարգևում, մեր համբերության բաժակն արդեն լցվել է, երևի թե պիտի դիմենք կտրուկ միջոցների․ «Վեոլիա Ջուր» ընկերության առաջ ողջ բնակիչներով բողոքի ակցիաներ իրականացնենք, թե չէ այս խնդիրը «Վեոլիա Ջրի» շնորհիվ մեզ համար դարձել է անլուծելի ու գլխացավանք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։