211652_close_icon
views-count2170 դիտում article-date 22:23 02-11-2026

Երևանում պարեկները, հերթական անգամ վտանգելով իրենց կյանքը, հետապնդել են փախուստի դիմած երիտասարդին, ում մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, «ռացիաներ» և այլ կասկածելի իրեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները այնքան զենք ու զինամթերք են հայտնաբերել, որով կարելի է զինել մի ամբողջ գունդ։ Որոշ դեպքերում էլ այդ ամենը հայտնաբերել են օպերատիվ տվյալներ ստանալով ու իրենց կյանքը վտանգելով, քանի որ երբ հետապնդել են կասկածյալին, ով եղել է զինված, ամեն պահի հնարավոր է զինված քաղաքացին կրակոցներ արձակեր պարեկների ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 2-ին, հերթական անգամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Գրիշա Պողոսյանը, պարեկներ Արմեն Բադալյանը, Արգամ Կիրակոսյանը և կրտսեր պարեկ Սմբատ Մխիթարյանը, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են զինված քաղաքացուն, ում այնուհետև տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամը 14:50-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Սիլիկյան թաղամասում՝ ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի՝ ժողովրդի խոսքերով ասած «չոլերում», ծառայություն իրականացնելիս նկատել են ինքնագլորով հանդիպակաց երթևեկող մի երիտասարդի։

Վերջինը, նկատելով պարեկներին, դիմել է փախուստի, ինչից հետո պարեկները հետապնդել են նրան ու կարողացել են վնասազերծել, ապա տեղում նրա մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ («ռացիաներ»), ձեռնոցներ և այլ իրեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկների կողմից վնասազերծվածը Երևանի բնակիչ 26-ամյա Վահան Խ.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր