5111 դիտում
12:42 20-02-2019
«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու ժամկետը
«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը:
Ներկայացնում ենք «Վալեքս» ընկերությունների խմբի տարածած հայտարարությունը.
«Տեղեկացնում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։ Ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։ Այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։ «Վալլեքս» խմբի ընկերությունների նման որոշումը պայմանավորված է խմբի ընկերությունների՝ իրենց արտադրական օբյեկտների և (կամ) գործունեության տարածքի ազդակիր համայնքների (այդ թվում՝ Ալավերդի համայնքի) ազգաբնակչության նկատմամբ ունեցած կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, ինչպես նաև սոցիալական իրադրության հնարավոր վատթարացումն այդ համայնքներում կանխելու ձգտումով։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «Վալլեքս» խումբը շարունակելու է ՀՀ Կառավարության հետ համատեղ գործադրել բոլոր ջանքերը Ընկերության աշխատանքի վերսկսման խնդրի հնարավոր լուծումների ձևավորման և իրագործման ուղղությամբ։ Ամիսներ շարունակ չգործող Ընկերության անձնակազմին աշխատավարձ վճարելով՝ մենք նպատակադիր ենք նաև պահպանել ընկերության անձնակազմի հավաքականությունը։ Ընկերության արհեստավարժ անձնակազմի հավաքականության պահպանումը նախապայման ենք համարում ինչպես ընկերության գործունեության վերսկսման և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում սոցիալական կայունության ապահովման, այնպես էլ ժամանակակից պղնձաձուլարանի ստեղծման «Վալլեքս» խմբի ընկերությունների հեռահար ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
3948 դիտում
11:31 20-10-2018
Տիգրան Ավինյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահը քննարկելու են Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրը
2743 դիտում
20:16 22-08-2020
Արեն Մկրտչյան. Աշխատակիցները բացեցին Ալավերդու պղնձաձուլարանի մուտքը
Այս բաժնից
1300 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
862 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար