85820 դիտում
11:23 11-02-2019
Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 53-ամյա քաղաքացի. նրա մոտ հայտնաբերվել է նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով հանձնված «Վիկինգ» տեսակի ատրճանակ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում «ձախ ոտնաթաթի հրազենային վնասում, նավակային ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Գոյունյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Միշա Թադևոսյանն է, ով վնասվածքը ստացել է Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ կայանված ВАЗ 2121 մակնիշի 35 XN 111 համարանիշի ավտոմեքենայի սրահում իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը Մ. Թադևոսյանը լիցքաթափելիս է եղել և պատահաբար արձակվել է կրակոց։ Զենքը, որով կրակոցն արձակվել է, որպես պարգևատրում՝ Մ. Թադևոսյանին տվել է ՀՀ նախին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։
Փաստի առթիվ քննիչ Ազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: