211652_close_icon
views-count9563 դիտում article-date 22:36 27-01-2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորական ուղերձը՝ բանակի օրվա կապակցությամբ

Հայոց բանակի հարգելի՛ զինվորներ, սպաներ, բարձրաստիճան սպաներ, ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած ազատամարտիկներ Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ: Հունվարի 28-ին նշվող Բանակի օրը թանկ է յուրաքանչյուր հայի համար ու հպարտություն է բերում ամենքիս, քանզի ոչ բոլոր ազգերը նման տոնի հնարավորություն ունեն. այն մեր ինքնիշխանությունը, մեր հաղթանակները խորհրդանշող տոն է: Բանակը Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումն է, մեր անվտանգության ու ապահով ապագայի գրավականը, եւ տոնի կապակցությամբ մաղթում եմ ձեզ անամպ երկինք, ամուր կամք, տոկունություն, առողջություն եւ մարտական անպարտելի ոգի: Տոնական այս օրը մեր երախտագիտությունը` բոլոր նրանց, ովքեր նորանկախ Հայաստանի բանակաշինության հիմքն են դրել, ովքեր հերոսական էջեր են կերտել նրա հաղթանակների պատմության մեջ եւ մեր խոնարհումը` նրանց հիշատակին, ովքեր, ցավոք, նաեւ իրենց արյամբ են գրել այդ պատմությունը: Նրանց հերոսական կյանքը ոգեշնչում եւ օրինակ է զինվորական ծառայություն անցնող ամեն հայորդու համար: Այդ ոգու՝ սերնդեսերունդ փոխանցման եւ մեր զինված ուժերի շարքերում մշտական ներկայության ապացույցն էր Ապրիլյան քառօրյան: Շնորհավորում եմ նաեւ ՀՀ զինված ուժերում այսօր ծառայողներ ունեցող բոլոր ընտանիքներին` ցանկանալով նրանց համբերատարություն եւ լավատեսություն, իսկ մեր սահմաններին կանգնած զինվորներին` խաղաղ եւ անվտանգ ծառայություն, բարի վերադարձ ընտանիքներ, ինչպես նաեւ շնորհավորանքներս` բանակի ամրության ու հզորացման մեջ ներդրում ունեցող բոլոր կառույցներին. պարտավոր ենք վստահելի թիկունք ապահովել մեր բանակի համար՝ ամենքս մեր աշխատանքի բնագավառում նպաստելով մեր պետականության, հետեւաբար եւ բանակի հզորացմանը: Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ: Սյունիքի մարզպետ՝ Հունան Պողոսյան

Նմանատիպ նյութեր