211652_close_icon
views-count2608 դիտում article-date 14:18 27-12-2018

Կայացել է Արցախի պետնախարար Մարտիրոսյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 27-ին հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով։ Պետնախարարը նախ անդրադարձել է անցնող տարվա տնտեսական հիմնական ցուցանիշներին՝ նշելով, որ թեև դրանք դեռ վերջնական չեն ամփոփվել, բայց առկա տեղեկությունները հնարավորություն են տալիս փաստելու, որ ընդհանուր առմամբ պահպանվում են տնտեսության զարգացման՝ նախորդ տարիներին արձանագրված միտումները։ «Մինչև տարեվերջ կանխատեսվում է, որ համախառն ներքին արդյունքի անվանական ցուցանիշը կկազմի մոտ 303 մլրդ դրամ՝ ապահովելով երկնիշ տնտեսական աճ: Սպասվում է, որ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2018 թ. համար կկազմի շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թվականի 3845 ԱՄՆ դոլարի դիմաց՝ այդպիսով գրեթե հավասարվելով Հայաստանի Հանրապետության համապատասխան ցուցանիշին»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և հավելել, որ վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով միջին ամսական աշխատողների թիվը 2018 թ.-ի ընթացքում ավելացել է 1198-ով։ Ըստ պետնախարարի ներկայացրած ցուցանիշների՝ այս տարվա 11 ամսում թողարկվել է ավելի քան 111 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որի իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է շուրջ 31%։ 2018 թ․-ի 11 ամիսների ընթացքում հանրապետությունում արտադրել են 350 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը ավելի քան 18%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ներկայումս կառուցման փուլում են նաև 16 փոքր ՀԷԿ-եր։ Նախատեսվում է առաջիկա տարիներին կրկնապատկել էլեկտրաէներգիայի տարեկան թողարկման հնարավորությունը։ Ըստ ոլորտների արձանագրված ցուցանիշներին անդրադառնալուց հետո Գ․ Մարտիրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Արցախում 2018 թ․ սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշների և 2019 թ․ կանխատեսումների վերաբերյալ՝ Գ․ Մարտիրոսյանի ներկայացրած տվյալապաշարը նիշքի տեսքով կցվում է սույն հաղորդագրությանը։ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում ՀՆԱ-ն կազմել է 197.6 մլրդ դրամ՝ ապահովելով 12,2% իրական աճ: ՀՆԱ-ի արձանագրած 12,2% հավելաճի տեմպի 6.7 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը (որի ավելի քան 5 տոկոսային կետը՝ հանքարդյունաբերությունը, մոտ 1.7 տոկոսային կետը՝ էներգետիկան), 4.3 տոկոսային կետը՝ առևտուրը և ծառայությունները: Մինչև տարեվերջ կանխատեսվում է, որ համախառն ներքին արդյունքի անվանական ցուցանիշը կկազմի շուրջ 303 մլրդ դրամ՝ ապահովելով երկնիշ տնտեսական աճ: Սպասվում է, որ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2018 թ. համար կկազմի շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թ․-ի 3845 ԱՄՆ դոլարի դիմաց՝ այդպիսով գրեթե հավասարվելով Հայաստանի Հանրապետության համապատասխան ցուցանիշին: Ընթացիկ տարվա 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թ․-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է` 11.7%-ով։ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ՓՄՁ Ձեռնարկված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ 2019 թ․-ից ավելի կբարելավվի գործարար միջավայրը և կթեթևանա փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային բեռը՝ Ստեփանակերտ քաղաքում արտոնագրային և հաստատգրված վճար վճարողներինը 50%-ով, իսկ շրջաններում՝ 70%-ով։ Այս արտոնությունից կօգտվեն հանրապետության հարկատուների ավելի քան 30%։ 2018 թ․ ընթացքում գրանցվել են 1249 նոր սուբյեկտներ, որոնցից գործունեություն են ծավալում 716-ը: Լուծարվել է 75 սուբյեկտ: Ընդհանուր առմամբ ԱՀ-ում հարկատուների թիվը կազմում է ավելի քան 5800: Հանրապետությունում վարձու միջին ամսական աշխատողների թիվը տարեսկզբին կազմում էր 38209, որը տարվա ընթացքում ավելացել է 1200-ով՝ կազմելով 39407: ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Այս տարվա 11 ամսում թողարկվել է ավելի քան 111 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որի իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է շուրջ 31% ։ Ընդ որում, հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալը ավելացել է ավելի քան 42%-ով, մշակող արդյունաբերությանը՝ 23%-ով, էներգետիկ արդյունաբերությանը՝ 14%-ով։ Դա հանգեցրել է կառուցվածքային տեղաշարժերի. 2018 թ. հանքագործական արդյունաբերության տեսակարար կշիռը ավելացել է 4.7 տոկոսային կետով՝ կազմելով ամբողջ արդյունաբերական արտադրանքի 58%-ը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 53.3% ցուցանիշի դիմաց, իրենց դիրքերը զիջել են՝ 1.2 տոկոսային կետով մշակող արդյունաբերությունը (19.7%), 3.5 տոկոսային կետով՝ էլեկտրականության, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարումը և ջրամատակարարումը (22.3%): Սպասվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018 թ․-ի վերջին կկազմի շուրջ 119 մլրդ դրամ, կամ իրական աճի ցուցանիշը կգերազանցի 30%-ի մակարդակը: ԷՆԵՐԳԵՏԻԿԱ 2008 թ․-ից սկսած երկրում իրագործվող փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ծրագրի շնորհիվ Արցախում արդեն գործում են 21 փոքր ՀԷԿ, որոնք Սարսանգ ՀԷԿ-ի հետ մեկտեղ 2018 թ․-ի 11 ամիսների ընթացքում արտադրել են 350 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Տարվա ավարտին այս ցուցանիշը նախատեսված է 400 մլն Կվտ/ժ չափով, որը շուրջ 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ներկայումս կառուցման փուլում են նաև 16 փոքր ՀԷԿ-եր։ Նախատեսվում է առաջիկա տարիներին կրկնապատկել էլեկտրաէներգիայի տարեկան թողարկման հնարավորությունը։ Այս ամենը իրականացվում է հաշվի առնելով բնապահպանական խնդիրները, որպեսզի պատճառված վնասները հասցվեն նվազագույնի: Միաժամանակ որպես հեռանկարային ուղղություն կարևորվում է արևային էներգիայի արտադրությունը, որի ներդրման ուղղությամբ այսօր արդեն իրականացվում են աշխատանքներ։ Էլեկտրաէներգիայի բնագավառում Արցախն ինքնաբավ է և արտադրել-սպառելուց զատ՝ իրականացնում է արտահանում նաև դեպի Հայաստանի Հանրապետություն։ 2019 թ․ նախատեսվում է արտադրվելիք էլեկտրաէներգիայի ծավալը հասցնել 600 մլն կՎտ/ժ-ի։ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Գյուղատնտեսության բնագավառում, կարևորելով ճյուղի ինտենսիվ զարգացման հայեցակարգային մոտեցումները, շարունակվելու է տնտեսվարող սուբյեկտներին պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաև ջրախնայողական և ոռոգման տեխնոլոգիաների ներդրումը։ 2018 թ․ ընթացքում 622.48 հա տարածքի վրա կառուցվել է կաթիլային ոռոգման համակարգ (դրանից 500 հա այգի, 122.5 հա՝ ծխախոտ, բանջարանոցներ), որի համար պետական միջոցներից ծախսվել է 996.5 մլն դրամ։ Ներկայումս կաթիլային համակարգով ոռոգվում է ընդհանուր առմամբ շուրջ 1000 հա այգիներ: Գալիք տարի նախատեսվում է դրանց թիվը ավելացնել ևս 400-450 հա-ով: Անցնող տարվա 10 ամիսների ընթացքում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 58 մլրդ դրամ։ Սպասվում է, որ տարին կեզրափակվի 75 մլրդ դրամ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշով։ 2018 թ․ կարկտահարության հետևանքով 16000 հա գյուղատնտեսական նշանակության հողերի մասնակի կամ ամբողջական վնասումը որոշակի չափով բացասական է ազդել ոլորտի ցուցանիշների վրա։ 2018 թ․-ին 2017 թ․-ի համեմատ 11.1%-ով աճել են նռնենու մշակատարածքները՝ կազմելով 1360 հա-ի։ Նռան բերքը այս տարի կազմել է ավելի քան 2600 տոննա՝ ապահովելով 80% աճ նախորդ տարվա նկատմամբ: 2018 թ․-ին աճել է նաև կերային խոտաբույսերի համախառն բերքը՝ 2017 թ. համեմատ կազմելով 171.3%։ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ 2018 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին իրականացված շինարարության ծավալը կազմել է ավելի քան 43 մլրդ դրամ, ապահովելով նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ 10.5% իրական աճ: Շինարարության շուրջ 45%-ը կատարվել է պետական բյուջեի միջոցների հաշվին (19.6 մլրդ դրամ): 2018 թ․ 190 շինարարական կազմակերպություն մասնակցել են պետական քաղաքաշինական նախագծերի իրականացմանը, ընդ որում, նրանցից մոտ 50-ը՝ 100 մլն դրամից ավելի նախագծային արժեք ունեցող ծրագրերին: Ոլորտում աշխատողների թվաքանակը կազմում է 2660: ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ Արտաքին առևտրաշրջանառությունը 2018 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է ավելի քան 403 մլն $, որը 24%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ընդ որում արտահանումը (146.7 մլն $) ներմուծման (256.2 մլն $) նկատմամբ աճել է առաջանցիկ տեմպերով՝ կազմելով 37.8%, ներմուծման 18.1% աճի դիմաց: Առանց հանքագործության և թանկարժեք իրերի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 206 մլն $ (անկում 7.8%-ով) կամ ընդհանուրի ավելի քան 51%-ը: Արտահանումը առանց հանքագործության և թանկարժեք իրերի կազմել է շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ ավելի քան 185 մլն ԱՄՆ դոլար: ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 2018 թ․-ից մեկնարկած շրջաններում ավտոճանապարհների պահպանման և շահագործման, գյուղամիջյան ճանապարհների սալապատման, համայնքների բնակիչներին շինանյութերի տրամադրման, ինչպես նաև շրջաններում սանմաքրման, կանաչապատման, ջրամատակարարման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով շրջանների կարողությունների զարգացման ծրագիրը կարելի է համարել հաջողված և արդարացված: Այն կլինի շարունակական, որի համար գալիք տարվա բյուջեով նախատեսել է 3 մլրդ դրամ (800 մլն դրամ ավել նախորդ ցուցանիշից): Անցնող տարվա ընթացքում պետական բյուջեի և այլ հիմնադրամների միջոցներով շրջաններում • շահագործման է հանձնվել 3 մանկապարտեզ, • 2-ը կառուցվում է, 10-ը՝ վերանորոգվում, • շահագործման է հանձնվել 10 դպրոց, • շահագործման է հանձնվել 5 համայնքային կենտրոն, • 2 մշակութային կենտրոն վերանորոգվում է։ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՓՈԹԵՔ 2018 թ․ կառավարության կողմից բարելավվել է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներին բնակելի տարածք տրամադրելու և վերանորոգելու հետ կապված իրավական դաշտը: 2018 թ. ընթացքում հիփոթեքային վարկավորմանը պետական աջակցության ծրագրի շրջանակում 433 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները, որոնցից 238-ը՝ նոր բնակարանի ձեռքբերմամբ։ 2019 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բարեփոխումներով ընտանիքի՝ պետական աջակցությամբ ստացած հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման չափը, ընտանիքում յուրաքանչյուր երեխայի հաշվով, կավելանա վարկի տոկոսադրույքի 5%-ի չափով, այսինքն` երեք երեխա ունեցող ընտանիքի հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափը կկազմի վարկի տարեկան տոկոսադրույքի 65%-ը՝ գործող 50%-ի փոխարեն։ Բնակֆոնդի մեծացման և թարմացման նպատակներով մյուս տարվանից Ստեփանակերտում կկառուցվի ընդհանուր մոտ 500 բնակարաններ նախատեսող 2 թաղամաս՝ քաղաքի Տիգրան Մեծ և Թումանյան փողոցներում։ Կառուցվող բնակարանների մոտ 30% կգնվի պետության կողմից, իսկ մոտ 70%-ը կիրացվի հիփոթեքային ծրագրերի շրջանակներում։ Առաջին խմբի բնակարանները պետության ստանձնած պարտավորությունների շրջանակներում կնվիրաբերվեն համապատասխան սոցիալական խմբերին պատկանող ֆիզիկական անձանց, իսկ երկրորդ խմբի բնակարանները կիրացվեն 1 մ²՝ 280 հազ. դրամ արժեքով։ Բնակարանները կլինեն 2, 3 և 4 սենյականոց։ 2 սենյականոց բնակարանների մակերեսը նախատեսված է 55 մ², 3 սենյականոցը` 75 մ², 4 սենյականոցը` 95 մ²։ Գալիք տարում գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար տրամադրվող փոխառությունների տարեկան տոկոսադրույքը առաջնային շուկայում կսահմանվի 1%` գործող 5%-ի փոխարեն, իսկ կանխավճարը՝ 5%, գործող 10%-ի փոխարեն, երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման դեպքում՝ փոխառության մարման ժամկետը կսահմանվի 10 տարի՝ գործող 6 տարվա փոխարեն։ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ 2018-2019 ԹԹ․ 2018 թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 38.3%-ով կամ 13.3 մլրդ դրամով։ Ավել հավաքագրված գումարից 9701.6 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3593.7 մլն դրամը ապահովվել է Արցախում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում։ Պետական բյուջեի եկամուտների սպասվող տարեկան ցուցանիշը 53 մլրդ դրամ է, որի 99.4%-ը կկազմեն հարկային եկամուտները։ Հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ կաճեն 32.6%-ով, իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 17.4%` 2017 թ.-ի 14.6%-ի դիմաց։ 2019 թ. համար նախատեսված է պետական բյուջեի սեփական եկամուտների աճ` 2018 թվականի սպասվող ցուցանիշի նկատմամբ 5.7%-ով, հարկային եկամուտները կաճեն 5.3%-ով: Հիմք ընդունելով նախագահի՝ 2017-2020 թթ. գործունեության ծրագրով սահմանված ֆինանսական կարգապահության ուժեղացման ծրագրային դրույթը՝ բյուջետային գործընթացն այս տարի իրականացվել է որակական առումով նախորդ տարիներից որոշակիորեն տարբերվող հետևյալ մոտեցումներով. • 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը մշակվել է իրատեսականության և հիմնավորվածության բարձր մակարդակով, ինչը թույլ է տվել գալիք տարվա պետական բյուջեն կառուցել գերազանցապես միջնաժամկետ հատվածում իրականացվող քաղաքականությունների և սահմանված գերակայությունների հիման վրա՝ ապահովելով անցումը կարճաժամկետ ու օպերատիվ լուծումներից միջնաժամկետ ու երկարաժամկետ լուծումների, • առաջին անգամ պետական բյուջեն նախատեսվել է հավելուրդով: Դա հնարավոր էր հանրապետությունում նախորդ տարիներին արձանագրված ավելի քան 10% միջին տարեկան տնտեսական աճի, ընթացիկ տարվա տնտեսական զարգացումների և գալիք տարվա ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակադրման շնորհիվ, • բյուջետային գործընթացում առաջին անգամ ներդրվել է պլանավորման նոր գործիքակազմ, և 3 ծախսային ծրագիր ներկայացվել են ծրագրային բյուջետավորման ձևաչափով, ինչը կբարձրացնի պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը և կապահովի հանրային հաշվետվողականությունը: 2019 թ․-ին սոցիալական ոլորտում նախատեսվող բարեփոխումներից են՝ • առողջապահության ոլորտի բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացումը, • կենսաթոշակների նվազագույն շեմը մինչև 25 հազ. դրամ սահմանումը, • 2019 թ․-ի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, • հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար անհրաժեշտ գումարի 100%-ի չափով փոխհատուցման նախատեսումը՝ նախկինում 50%-ի դիմաց։ Այսօր մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 159382 դրամ, 2017 թ․-ի հունվար-սեպտեմբերին գրանցված 153168 դրամի դիմաց (աճ 4%-ով)։ Նշանակված ամսական միջին կենսաթոշակի չափը 43 հազ. դրամ է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր