211652_close_icon
views-count2559 դիտում article-date 18:37 27-12-2019

Կայացել է Արցախի պետական նախարարի մամուլի ամփոփիչ ասուլիսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներակայացուցիչների հետ՝ ամփոփելու 2019 թվականի գործունեության տարին: Անդրադառնալով անցնող տարվա տնտեսական հիմնական ցուցանիշներին, պետական նախարարը նշել է, որ տարին եզրափակվում է 9.1% տնտեսական աճով՝ ապահովելով շուրջ 341 մլրդ դրամ ՀՆԱ, որը 1 շնչի հաշվով կկազմի ավելի քան 4828 ԱՄՆ դոլար: Եվ ընդգծել՝ բնակչության կենսամակարդակը բնորոշող այս ցուցանիշով գտնվում ենք տարածաշրջանի երկրների հետ գրեթե նույն մակարդակում: «2019թ․հունվար-սեպտեմբերին Արցախում մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 171869 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով: Տարեսկզբից շուրջ 15%-ով բարձրացվել էր առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձը: Գալիք տարվա հունվարի 1-ից 10%-ով կբարձրանա հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Միաժամանակ, հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը սահմանվել է 68000 դրամ` այս տարվա 55000 դրամի դիմաց, իսկ 2020 թվականի հունվարի մեկից կենսաթոշակները կբարձրանան միջինում 10%-ով»,-իր խոսքում նշել է Գրիգորի Մարտիրոսյանը: Շարունակվել են աշխատանքները գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ: Հարկային բեռի թեթևացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին տրամադրված հարկային արտոնությունների շնորհիվ 2019-ին 600 նոր տնտեսվարող սուբյեկտ է ավելացել, ստեղծվել 700 նոր աշխատատեղ: Ըստ պետական նախարարի ներկայացրած ցուցանիշների, 11 ամիսների ընթացքում արտադրվել է ավելի քան 148 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որը 40.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: «Հանքագործական արդյունաբերությունը տարեսկզբից ցուցաբերել է նվազման միտում: Մշակող արդյունաբերությունը հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.8 անգամ, էներգետիկան` 9.0%-ով: Սպասվում է, որ երկրում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կկազմի 475 մլն կՎտ/ժ, որը ավելի քան 22%-ով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը և որից 85 մլն կՎտ/ժ-ը կկազմի արտահանման ծավալը: Ներկայումս գործարկված է 31 փոքր ՀԷԿ, կառուցման փուլում է գտնվում 12-ը: Միաժամանակ, ինչպես գիտեք, որպես հեռանկարային ուղղություն կարևորվում է արևային էներգիայի արտադրությունը: Ընթացիկ տարում ձևավորվել է արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը կանոնակարգող օրենսդրաիրավական դաշտը»,-ասել է Գրիգորի Մարտիրոսյանը: Պետական նախարարն անդրադարձել է նաև բնակարանաշինությանն ու հիպոթեքային շուկային՝ նշելով որ 2019 թ. ընթացքում հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի շրջանակում 397 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները, շրջաններում 387 ընտանիքի տրամադրվել է պետական ֆինանսական աջակցություն: Ըստ ոլորտների արձանագրված ցուցանիշներին անդրադառնալուց հետո Գ.Մարտիրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը տևել է ավելի քան երկուսուկես ժամ, մասնակցել են ավելի քան 19 զանգվածային լրատվության միջոցի խմբագիրներ և լրագրողներ, տրվել է ավելի քան 3 տասնյակ հարց:

Նմանատիպ նյութեր