211652_close_icon

Լարված իրավիճակ՝ Երևանում․ մոտ 30 հազար բնակիչներ դիմում են Տիգրան Ավինյանին․ եթե մտածում եք քաղաքացիների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների մասին, ապա վթարներով հարուստ ճանապարհից հեռացրեք խոչընդոտները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count856 դիտում article-date 19:53 02-12-2025
Մայրաքաղաքում կան բազմաթիվ բակային փողոցներ, որտեղ երթևեկությունը թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար մի իսկական փորձադաշտ է դարձել։ Այդ հատվածներում տեսանելիության վատ լինելու պատճառով անընդհատ տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ և վրաերթեր։

Նման վտանգավոր ճանապարհ է նաև Շենգավիթ վարչական շրջանի ժողովրդին հայտնի «Յոնջլախ» թաղամասի Արշակունյանց 46 շենքի մոտ գտնվող ճանապարհը։

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Էս թաղամասը մոտ 30 հազար բնակչություն ունի, 8 տարի է՝ բնակիչները ում ասես դիմել են, ու դրա պատճառը այն է, որ երբ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից թույլատրվեց տեղադրեն «Հայմամուլի» համար շահագործվող կրպակը՝ մեր մտքով երբեք չէր անցնում, որ այն քաղաքացիների համար կդառնա «վայ կրպակ»։

Իսկ թե ինչու «վայ կրպակ»՝ անզեն աչքով էլ երևում է․ վարորդների տեսադաշտը ամբողջությամբ փակվել է, չեն նկատում մյուս ավտոմեքենայի շարժը, ու առանց չափազանցության՝ ամեն օր վթարներ են տեղի ունենում։

Ում ասես դիմել ենք, խոստանում են, որ խնդիրը կլուծեն ի շահ բնակչի, բայց էս քանի տարի է՝ դատարկ խոստումներ ենք լսում։

Նույնիսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար սարքեցին թեքահարթակ, բայց էդ թեքահարթակի ճանապարհի հերն էլ անիծեցին։ Էն, որ ասում են է՜ «Անունը կա, ամանումը չկա», լրիվ էդ վիճակն է։

Մենք չենք ասում՝ հարգելի Տիգրան Ավինյան, սուրն առ ու արի փրթի-թափի, այլ խնդրում ենք հաշվի նստեք էդ 30 հազար բնակիչների կարծիք–խնդրանքի հետ ու էս կրպակն ու մյուս արդեն ժանգոտած կիսակառույց տաղավարը տեղափոխեք այլ տեղ։

Էլ չենք ասում, որ էդ երկուսի արանքում գտնվող դիտահորը վերածվել է աղբավայրի։ Դուք նշում եք, որ քաղաքապետարանը ամեն ինչ անում է երթևեկության անվտանգությունը ապահովելու ուղղությամբ, բայց էստեղ մեզ մոտ երթևեկությունը երբեմն վերածվում է «սոդոմ–գոմորի»։

Խնդրում ու պահանջում ենք՝ հարցը լուծեք, հակառակ դեպքում կհասկանանք, որ դուք խրախուսում եք նման իրավիճակներ»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին, որ եթե առաջիկա օրերին խնդիրը չլուծվի՝ իրենք դիմելու են կտրուկ միջոցների ու փակելու են Արշակունյանց պողոտան, որ պատասխանատուները վերջապես հասկանան, որ խնդիրը պետք է օր առաջ լուծվի։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր