211652_close_icon
views-count14885 դիտում article-date 19:44 05-02-2020

Կայացել է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի 2019 թվականի ամփոփիչ ասուլիսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը: ԱԻ նախարարը ներկայացրեց աշխատանքային տարվա ընթացքում կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը և ձեռքբերումները: ՀՀ պետական բյուջեից Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2019 թ. հատկացվել է 12 մլրդ 631 մլն ՀՀ դրամ, իսկ 2020 թ.՝ 15 մլրդ 308 մլն ՀՀ դրամ կամ 2,7 մլրդ ՀՀ դրամով ավել: Վերը նշված աճը հիմնականում պայմանավորված է փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի համապատասախանաբար 1,9 մլրդ և 385 մլն դրամների ավելացմամբ: Շինարարական և կապիտալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 34 հրշեջ-փրկարարական ջոկատներում: Վերանորոգման և կառուցապատման աշխատանքներ են իրականացվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում: Կատարվել են Քաղացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի մարզի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների թվով 10 հենակետերի գազաֆիկացման աշխատանքներ: Շինարարական և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև ԱԻՆ վարչական համալիրում: Մեծ աշխատանք է իրականացվել նաև միջազգային համագործակցության ոլորտում: ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված դրամաշնորհի համաձայնագրի շրջանակներում ԱԻՆ-ին է հանձնվել 10 միավոր ճապոնական «Nissan-Patrol» արագ արձագանքման մեքենա: «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում ԱԻՆ-ին են հանձնվել 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա: Ստացվել է նաև ծրագրի շրջանակներում տրամադրվող տեխնիկայի վերջին խմբաքանակը՝ 22 հրշեջ մեքենա: «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում ԱԻՆ-ին է հատկացվել գույք-սարքավորումների նոր խմբաքանակ: Վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակներով ԱԻՆ ավելի քան 80 աշխատակիցներ գործուղվել են թվով 23 երկիր: Պետական ռեզերվների գործակալության կողմից նյութական պահուստի համակարգի զարգացման բարեփոխումներն ապահովող իրավական դաշտի ստեղծման ու նյութական պահուստի արդիականացման և ընդլայնման նպատակով լրամշակվել, սահմանված կարգով շրջանառվել են օրենքների նախագծեր: Աշխատանքներ են տարվել ՀՀ նյութական պահուստի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ: Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից կատարվել է սեյսմոլոգիական ցանցից ստացվող տվյալների վերլուծություն, երկրաշարժերի հիմնական պարամետրերի որոշում և երկրաշարժերի Ազգային կատալոգի լրացում: Ամենօրյա ռեժիմով կատարվել են ընթացիկ աշխատանքներ՝ դիտացանցի կայանների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Իրականացվել է առանձին պարամետրերով սեյսմածին անոմալիաների վիճակագրության ուսումնասիրում: ՀՀ տարածքում հետազոտվել և տրվել է տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման վերաբերյալ ընդհանուր թվով 108 եզրակացություն: Կատարվել է 40 հանրակրթական դպրոցի և 24 մանկապարտեզի սեյսմիկ ռիսկի բաղադրիչների տվյալների հավաքագում և վերլուծություն: Սեյսմիկ ռիսկի գնահատման նպատակով շարունակվում են համայնքների քարտեզների թվայնացման և տվյալների բազայի համալրման աշխատանքները: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից կնքվել են 3119 արտադրական վտանգավոր օբյեկտներում փորձաքննություն իրականացնելու համար պայմանագրեր, թվով 12253 արտադրական վտանգավոր օբյեկտի սահմանված կարգով տրվել են փորձագիտական եզրակացություններ: Աղետների բժշկության կենտրոն է դիմել թվով 6903 հիվանդ, որից ստացիոնար հետազոտման և բուժման է ուղեգրվել 1395 հիվանդ (584 փրկարար ծառայող, 108 կենսաթոշակառու, 703 ընտանիքի անդամ): 911 հեռախոսահամարով կատարվել է 1824 բժշկական և հոգեբանական խորհրդատվություն: Հերթապահ բուժ. անձնակազմն իրականացրել է 182 կանչ, ցուցաբերել է բժշկական օգնություն: «Աղետների բժշկության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման գործընթացն արդեն իսկ սկսվել է և նշված գործառույթների իրականացման նպատակով Փրկարար ծառայությունում ստեղծվել և արդեն գործում է համապատասխան բժշկական վարչություն: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում իրականացվել են աշխատանքներ ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման, որակավորման բարձրացման, հրշեջ-փրկարարների վերապատրաստման և որակավորման բարձրացման, բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստման, բնակչության ուսուցման և այլ ուղղություններով: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ներկա դրությամբ բակալավրի կրթական ծրագրով սովորում է 819 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 50 ուսանող, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 204 ուսանող: 2018-2019 թթ. ընթացքում ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներ աշխատանքի է ընդունվել ակադեմիաի շուրջ 70 շրջանավարտ: Անդրադառնալով տարվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարներին՝ նախարարը նշեց, որ դեպքերի քանակն աննախադեպ աճել է: Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով: Հաշվետու ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 1 միլիոն 817 հազար (2018 թ.-ին՝ 2 միլիոն 13 հազար) զանգ: 2019 թ. ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է` 20889 արտակարգ դեպք (2018 թ.-ին` 16231), ինչի հետևանքով զոհվել է 427 մարդ (2018 թ.՝ 403), տուժել՝ 12502 մարդ (2018 թ.-ին՝ 11213): Հաշվետու ժամանակահատվածում՝ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, դեպքերն աճել են 4658-ով կամ 28.7 %-ով, զոհերի թիվն աճել է 24-ով կամ 6 %-ով, իսկ տուժածներինը՝ 1289-ով կամ 11.5 %-ով: Փրկվել է 363 մարդու կյանք (2018 թ.՝ 301): 2019 թվականի ընթացքում ծառայության ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է` 28594 ելք (2018 թ.՝ 22725), որից հրդեհների մարման նպատակով իրականացվել է 16413 մեկնում (2018 թ.՝ 10619), փրկարարական և այլ աշխատանքների իրականացման նպատակով՝ 12036 մեկնում (2018 թ.՝ 11934): Ելքերի 1437 դեպքերում գրանցվել են կեղծ կանչեր (2018 թ.՝ 1168), այդ թվում՝ 1292 հրդեհի (2018 թ.՝ 996): -Տեխնիկայի սղության պայմաններում փրկարարները իրենց անձնվիրության շնորհիվ պատվով են դուրս եկել և հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները,-նշեց Ֆ. Ցոլակյանը: Անդրադառնալով զոհված հրշեջ-փրկարարի մահվան դեպքին՝ նախարարը նշեց, որ ղեկավարները պետք է հետևեն, որ փրկարարները աշխատեն միմիայն արդարացված ռիսկի պայմաններում: 2019 թվականին մեծ քանակությամբ անտառային հրդեհներ են գրանցվել: Նախարարը նշեց, որ ներկա պահին անտառային հրդեհ կա Տավուշի մարզում: Քանի որ տարին չորային է և տեղումներ չկան, ապա մեծ է հավանականությունը, որ 2020 թվականին անտառային հրդեհները մեծ ծավալներ կընդգրկեն: Շրջակա միջավայրի նախարարության հետ աշխատանքեր են տարվում անտառներում ճանապարհներ բացելու ուղղությամբ, որպեսզի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջները կարողանան մոտենալ հրդեհի օջախին: Նախարարը շեշտեց, որ իր հրամանով այսուհետ շինություններում և անտառներում ցանկացած հրդեհի ահազանգի դեպքում պետք է մեկնի 2 մարտական հաշվարկ: Դա նպատակի ունի կանխարգելել հրդեհի հետագա տարածումը: Երևան քաղաքում գործում է 13 ՀՓՋ, սակայն արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է 21 ՀՓՋ: Քաղաքապետարանի հետ բանակցություններ են ընթանում Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում շինությունների տրամադրման մասով, որպեսզի այդ տարածքներում ևս նոր ՀՓՋ-ներ բացվեն: Նոր ՀՓՋ-ների կարիք կա նաև ՀՀ հեռավոր բնակավայրերում և այդ ուղղությամբ ևս ընթանում են աշխատանքներ: Կառավարության որոշմամբ, քարաթափումներից և սողանքներից խուսափելու համար ԱԻՆ-ին հատկացվել են պայթուցիկ նյութեր՝ ժայռաբեկորների հարկադիր պայթեցում կատարելու համար: Այսուհետ ժայռաբեկորների հարկադիր պայթեցումը կկատարի ԱԻՆ-ը: Անդրադառնալով համակարգում ընթացող կառուցվածքային փոփոխություններին՝ ԱԻ նախարարը նշեց, որ կենտրոնական ապարատի որոշ հաստիքներ կրճատվել են և դրա փոխարեն ավելացվել են հրշեջ-փրկարական ջոկատների հաստիքները, որոնք կատարում են արագ արձագանքման աշխատանքներ: Օպտիմալացումը նպատակ ունի էլի ավելի արդյունավետ դարձնել նախարարության աշխատանքները: Խրախուսման ֆոնդը 2019 թվականին հավասարաչափ է բաշխվել աշխատակիցների միջև, սակայն այս տարի ֆոնդի բաշխումը լինելու է բալային հակարգով: Ստեղծվում է աշխատանքի գնահատման բալային համակարգ, ըստ որի էլ աշխատակիցները կստանան համապատասխան խրախուսում: Այս մոտեցումը նպատակ ունի գնահատել լավագույն աշխատակիցներին: Նախարարն ընգծեց, որ նախարարությունը տեխնիկական վերազինման խնդիր ունի և այդ խնդրի լուծման համար 2020 թվականին մեծ աշխատանքներ են տարվելու: Ամփոփելով ելույթը Ֆ. Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին համագործակցության համար և պատասխանեց լրագրողների հարցերին: Մարդկանց անվտանգության և փրկության թեմաներով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության 2019 թվականի հաղթողներ ճանաչված ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ Ֆ. Ցոլակյանի կողմից ստացան պատվոգրեր. նախարարը կարևորեց նրանց դերը բնակչության իրազեկման հարցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր