2232 դիտում
19:02 20-12-2018
Կապանցիները բացասական կարծիք են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն «ԱԳԱՊԵ»-ի` նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտի վերաբերյալ
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի հասարակության 27 ներկայացիչ, որոնց թվում՝ բնապահպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, մշակույթի գործիչներ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պարզապես կտիվ քաղաքացիներ բացասական կարծիք են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում` Կապան համայնքում նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտի վերաբերյալ:
Կարծիքում նշված է.
«Մենք` ՀՀ Սյունիքի մարզի խոշորացված Կապան համայնքի հասարակության ներքոստորոգրյալ ներկայացուցիչներս, բացասական կարծիք ենք հայտնում «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում` Կապանի համայնքում, նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտի վերաբերյալ:
«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն, բնապահպանական փորձաքննության ներկայացնելով վերոնշյալ հայտը, մի քանի անգամ փորձել է Կապանում կազմակերպել հանրային լսումներ հայտի վերաբերյալ: 2018թ-ի ընթացքում երեք անգամ` մայիսի 22-ին, սեպտեմբերի 14-ին և նոյեմբերի 2-ին, քաղաքացիական հասարակության բողոքի արդյունքում լսումները չեն կայացել:
2018 թ. դեկտեմբերի 11-ին «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն և Կապանի քաղաքապետարանը հայտարարեցին, որ հայտի երկրորդ հանրային լսումները կայացել են, մինչդեռ նույն օրը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են խոշորացված Կապանի բնակիչների շահերը, դեմ արտահայտվեցին հայտին և բոյկոտեցին այդ լսումները և չեն համարում այդ լսումները կայացած: Երկրորդ, քննարկմանը ներկա էին մեծամասամբ այնպիսի անձինք, ովքեր հնարավոր է` ուղղորդված էին և ովքեր նախկինում և հիմա սպասարկում են հանքարդյունաբերությանբ հետաքրքրված անձանց և ընկերությունների շահերը:
Կապանի համայնքի հասարակության ներքոստորոգրյալ ներկայացուցիչները դեմ են Կապանում «ԱԳԱՊԵ» ընկերության կողմից նավթի և գազի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը, քանի որ.
• Կապանն ու Մեղրին այն տարածաշրջանններն են, որտեղ գտնվում են Հայաստանի` տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող, շուրջ 80 000 հա ընդգրկող բնության հատուկ պահպանվող տարածքները` ներառված Զանգեզուր կենսոլորտային համալիրի կազմում: Ընկերության կողմից հստակեցված չէ, թե ստույգ որ տարածքներից պետք է նմուշներ վերցվեն: Իսկ ԲՀՊՏ-ների չհստակեցված սահմանների պայմաններում չի բացառվում, որ ուսումնասիրությունները կկատարվեն ԲՀՊՏ-ների տարածքներում: Հայտում նշված է, որ բացի տվյալների հավաքագրումից և գնահատումից, նախատեսված է իրականցնել նաև մակերևութային երկրաքիմիական հետազոտություններ և երկրաքիմիական անալիզ, այսինքն, նախատեսվում են դաշտային աշխատանքներ Կապան քաղաքում և 38 գյուղերում, որոնց մի մասն արդեն տուժել է և վերին աստիճանի աղտոտված է տարածաշրջանի հանքարդյունաբերական ձեռնարկություների գործունեության արդյունքում: Մեզ համար անընդունելի է ոչ միայն նոր հանքերի շահագործումը, այլ նաև հանքարդյունաբերության հետ կապված ցանկացած դաշտային աշխատանք, որի արդյունքում միայն կավելանա օդի, հողի, ջրի թունավորման առանց այն էլ բարձր մակարդակը:
• Ուսումնասիրության համար ընտրված են գյուղեր, որոնց թվում են` Ծավը, Ներքին Հանդը, Շիկահողը և այլն, որոնք հանդիսանում են Զանգեզուր կենսոլորտային համալիրի բուֆերային գոտի, կամ իրենք իրենցով բնության հատուկ պահպանվող տարածք են: Ներկայումս գերմանական KfW բանկը տրամադրել է մեծ գումարներ Զանգեզուր կենսոլորտային համալիրի ազդակիր համայնքների այլընտրանքային զարգացման համար, որպեսզի ապահովվի ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմը, իսկ «ԱԳԱՊԵ»-ի հայտում նույն բնակավայրերը դիտվում են որպես նավթի ու գազի որոնման տարածքներ:
• Մեզ չի բավարարում ընկերության հայտարարությունը տնտեսական զարգացման մասին: Նախքան նավթի և գազի երկրաբանահետախուզական աշխատանքների բուն գործընթացի սկիզբը պատշաճ գնահատում չի կատարվել` պարզելու, թե այն ինչ տնտեսական ազդեցություն կունենա այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: Ավելին, չի կատարվել նաև նավթի և գազի հնարավոր արդյունահանման համար նախատեսված հողերի այլընտրանքային օգտագործման տնտեսական գնահատումը:
• Էկոլոգիական վիճակի վատթարացումը, պայմանավորված նավթի և գազի հանքավայրերի հնարավոր շահագործմամբ, կարող է այլ տնտեսական ոլորտներում` գյուղատնտեսություն, տուրիզմ, զբաղվածության անկման և արտագաղթի պատճառ հանդիսանալ:
• Հայաստանում հանքավայրերի եկամուտների հաշվետվողականության և սեփականատերերի թափանցիկության վերաբերյալ օրենսդրությունը բավարար հստակ չէ:
• Սոցիալական, ներառյալ հանքարդյունաբերության հետևանքով առաջացած առողջական խնդիրները Հայաստանում չեն դիտարկվում որպես շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) բաղադրիչ:
Մենք համոզված ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ունեն այլ ճանապարհներ, և այն պետք է հիմնված լինի գիտելիքահենք և բազմաճյուղ տնտեսության զարգացման վրա: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության ուղղակի պարտականությունն է բնապահպանական և սոցիալ-տնտեսական օբյեկտիվորեն առաջացած բևեռների ներդաշնակեցումը և զարգացումն իրականացնել այլ ուղիներով:
Հուսով ենք, որ «ԱԳԱՊ»-ի հայտի բնապահպանական փորձաքննության արդյունքում հաշվի կառնվի մեր` Կապանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներիս բացասական կարծիքը, հայտը բացասական եզրակացություն կստանա, և կկանխարգելվի այդ վտանգավոր ծրագրի հետագա իրականացումը»:
Նմանատիպ նյութեր
3333 դիտում
15:20 05-05-2017
Կառավարությունում քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանն առնչվող հարցեր
3752 դիտում
20:09 03-07-2018
Երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ
7015 դիտում
12:55 02-08-2017
Երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայնացվել է. նախարարություն
Այս բաժնից
562 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
451 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
685 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am