Համաերևանյան երթն ուղեկցող շտապօգնության մեքենայի վրայից հանվել են քարոզչական դրոշները. Արսեն Թորոսյանը պարզաբանում է տարածել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթն ուղեկցող շտապօգնության մեքենայի վրայից հանվել են «Իմ քայլը» դաշինքի քարոզչական դրոշները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»,- գրել է Թորոսյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ շտապօգնության մեքենայի վրա քարոզչական դրոշ կա:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: