211652_close_icon
views-count6881 դիտում article-date 13:03 06-09-2018

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել. Վալերիյ Օսիպյան

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը չի բացառում, որ 2008 թվականի մարտի 1-ի գործում կան ընդգրկված ոստիկաններ: «[url=https://armenpress.am/arm/news/946234.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, այդ մասին Օսիպյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների ներգրավվածության հարցին: «Ընդգրկված են եղել տարբեր ստորաբաժանումներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության: Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ով է արել՝ չեմ կարող ասել, արդյոք հնարավոր է անել…եկեք ոչ մի բան չբացառենք, եթե այդպիսիները կան, թող պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Օսիպյանը: Միաժամանակ, ոստիկանապետը վստահեցրեց, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել: «Բայց փայտեր և այլն բոլորս էլ տեսել ենք: Այս հարցերն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ օրերին եղել են վերադաս»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ մարտի 1-ի գործով ցուցմունք տալու չի հրավիրվել: Ոստիկանապետն ընդգծեց նաև, որ բացառում է Հայաստանում հանրահավաքների ժամանակ զոհեր լինեն: Ավելի վաղ ՀՔԾ-ն տարածել էր հաղորդագրություն, որում ասված էր. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները: Նշված, ինչպես նաև 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած մյուս դեպքերը ուսումնասիրելու համար ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով: Դրանից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն թվականի հոկտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու» մասին: Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ հիշյալ հանձնաժողովի, փաստահավաք խմբի, ինչպես նաև հանրության մոտ ի հայտ եկած կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատության» հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Ըստ այդ փաստաթղթերի և դրանց հիման վրա ոստիկանության պաշտոնական պարզաբանումների՝ ստացված տեղեկությունները ճշտելու, իսկ դրանք հաստատվելու դեպքում հանցագործությունների խափանման, հանցանք կատարած անձանց հայտնաբերման անհրաժեշտությամբ պայմանավորված` 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության ստորաբաժանումները իբր թե «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են «Ազատության» հրապարակ, սակայն ցուցարարների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ստիպված նրանց դուրս են հանել հիշյալ հրապարակից: Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին: Կատարվում է նախաքննություն»:

Նմանատիպ նյութեր