211652_close_icon
views-count1701 դիտում article-date 19:00 23-02-2018

ԼՂ հիմնախնդիրը տարբերվում է տարածաշրջանի այլ հակամարտություններից և այն պետք է շարունակել դիտարկել առանձին համատեքստում. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը այսօր՝ փետրվարի 23-ին, հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է հատուկ ներկայացուցչի առաքելության դերը, ինչպես նաեւ եվրոպական կառույցների ներգրավվածությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ Արմեն Աշոտյանը ընդգծել է եվրոպական ինստիտուտների կողմից Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին եւ հռետորաբանությանը համարժեք թիրախային գնահատականներ տալու կարեւորությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը եւ հակահայ հայտարարությունները քայլեր են՝ ուղղված տարածաշրջանի անվտանգության ապակայունացմանը, որոնք նաեւ նվազեցնում են խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները: Արմեն Աշոտյանը նշել է նաեւ, որ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականների հնչեցումը հանրային պահանջ է, իսկ հակառակը խաթարում է միջազգային ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին? Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը տարբերվում է տարածաշրջանի այլ հակամարտություններից եւ այն պետք է շարունակել դիտարկել առանձին համատեքստում: Հանձնաժողովի նախագահը նաեւ մեծապես կարեւորել է Արցախի ժողովրդի ներգրավվածությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կրթական, սոցիալական եւ այլ ծրագրերում: Անդրադառնալով խորհրդարանական հարթությունում ակտիվ համագործակցության հարցերին? Արմեն Աշոտյանը նշել է, որ խոհրդարանական դիվանագիտությունն ճկուն է, բազմաշերտ եւ օրենսդիրներին առկա հիմնախնդիրների լայն շրջանակ քննարկելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում առավել կառուցողական համագործակցությունը, մասնավորապես եվրոպական խորհրդարանական վեհաժողովներում: Արմեն Աշոտյանը ցավով արձանագրել է, որ ադրբեջանական պատվիրակությունների պահվածքը նման ձեւաչափերում հաճախ անառողջ է եւ հայատյաց պետական քաղաքականության շարունակությունն է: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին? Արմեն Աշոտյանը կարեւորել է ազգային խորհրդարաններում համաձայնագրի արագ եւ դյուրին վավերացումը: Այս համատեքստում նաեւ ընդգծվել է խորհրդարանական հարթակներում ԵՄ-ի նոր համաձայնագրով սահմանված համագործակցության ոլորտներում առավել նպատակային աշխատանքների իրականցումը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խորհրդարանն այս հարցում ունի եվրոպական ինստիտուտների աջակցության կարիքը:

Նմանատիպ նյութեր