211652_close_icon
views-count9521 դիտում article-date 14:10 19-02-2018

Նախագահը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ: Թեյի սեղանի շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են գրահրատարակչության վերջին տարիների ձեռքբերումների և առկա խնդիրների մասին, քննարկել՝ գրքի տպագրության և վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության շարունակաբար բարելավման, ընթերցանության խրախուսման նպատակով պետության և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը: Հրատարակիչները նաև իրենց առաջարկություններն են ներկայացրել, որոնք Հանրապետության Նախագահը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ և փորձել գտնել ոլորտին օգտակար լինելու նոր հնարավորություններ: Սերժ Սարգսյանը և հանդիպման մասնակիցները քննարկումից առաջ շնորհավորել են միմյանց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ: Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հասարակության մեջ ձևավորված բարի ավանդույթը` Գիրք նվիրելու օրը, իրավամբ, մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձևերից մեկն է: Օրվա խորհրդի ներքո հանդիպման մասնակիցները միմյանց գիրք են նվիրել: Նախագահը նվիրել է բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնի հեղինակած «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արևմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության վերջին 600 տարին: «Բուկինիստ» ընկերության տնօրենը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է անգլիական հրատարակչություններից մեկի հետ համատեղ հրատարակված «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, որտեղ առանձին մեծ բաժնով ներկայացված է նաև Հայաստանը: «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրենը Նախագահին նվիրել է «Հայ արվեստի պատմություն» աշխատությունը, որտեղ ներկայացված է հայ կերպարվեստի և ճարտարապետության պատմական ուղին՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը Սերժ Սարգսյանին նվիրել է ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» երկհատորյակը, որտեղ ներկայացված են քննախույզ գիտնականի մտորումները կեցության առեղծվածի ճանաչողության, բնության ու մարդու միջև մղվող հավերժական պայքարի մասին: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախագահը նվիրել է վերջին շրջանում հրատարակչության տպագրած թարգմանական գրականությունը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկերը», Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Մարդկանց երկիրը», Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքերը: «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը Նախագահին ներկայացրել է «Բուկինիստ» գրավաճառ ցանցի գործունեության արդյունքում վերջին տարիներին արձանագրված զգալի հաջողությունները, ցանցի ընդլայնման և հատկապես մարզերում գրախանութների հիմնման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը: Սերժ Սարգսյանը գրախանութի տնօրենի հետ շրջայց է կատարել «Բուկինիստում», ծանոթացել գրախանութի՝ նորագույն և լավագույն գրականությամբ հագեցած բաժիններին, այդ թվում՝ մասնագիտական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր