211652_close_icon
views-count2620 դիտում article-date 20:53 30-01-2018

Վարչապետն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հունվարի 30-ին, այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով նախարարությունը 2017 թ. իր առջև հետևյալ խնդիրներն է դրել՝ առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող էներգետիկայի ծավալը, էլեկտրաէներգիայի ծավալը երկրի ներքին սպառման կառուցվածքում հասցնել առնվազն 50 տոկոսի, առնվազն 20 տոկոսով իջեցնել գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսվող գազի ծավալները և առնվազն 10 տոկոսով ավելացնել միջուկային էներգիայի մասնաբաժինը, արտադրությունը, արտադրության ծավալը՝ միաժամանակ հասնելով հուսալիության բարձրագույն մակարդակի էներգաբլոկի՝ դրա արդիականացման ճանապարհով: Այս նպատակով իրականացվել են հետևյալ միջոցառումները. Պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով մեկնարկել են Շնող ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվարկային աշխատանքները՝ 76 ՄՎտ նախնական դրվածքային հզորությամբ, որն ամբողջությամբ կօգտագործի Դեբեդ գետի չօգտագործված ջրային ներուժը: 2017 թ. հաջողությամբ իրականացվել է 2016 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ ֆինանսավորմամբ սկսած ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագիրը, պահպանվել են ծրագրային բոլոր ցուցանիշները և ժամկետները: Կառավարության կողմից հաստատվել,Ազգային ժողով են ուղարկվել ու այժմ այնտեղ քննարկվում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք կնպաստեն շուկայի ազատականացմանը: 2017 թ. վերսկսվել և ամբողջ թափով իրականացվել են Իրան-Հայաստան 400 կՎ լարման 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: 2018 թ. համար բերվել են հիմնական սարքավորումները, նախատեսվում է մարտ ամսից սկսել այս տարվա աշխատանքները, իսկ օդային գիծն ավարտի հասցնել 2019 թ.: 2017 թ. դեկտեմբերի 18-ին համաձայնություն է ձեռք բերվել Գերմանական զարգացման KfW բանկի հետ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ֆինանսավորման նպատակով: Նախատեսվում է մինչև 2018 թ. մարտ հայտարարել մրցույթը և մայիս-հունիս ամիսներին ունենալ հիմնական կապալառուին: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով գծի երկարությունը՝ Հայաստան-Վրաստան գիծը ևս ավարտուն տեսքի կբերվի Հայաստան-Իրան գծի հետ համատեղ՝ 2019 թ. ավարտին: Կառավարությունը հաստատել է և ԱԺ է ուղարկել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը 3 հիմնական սկզբունք է արձանագրում. - ընդերքի մասին օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխությամբ ընդերքօգտագործողը պարտավորություն է ստանձնում ընդերքից արդյունահանված ամբողջ ծավալները ներկայացնել հանրությանն էլեկտրոնային տարբերակով: -Հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությամբ պետական լիազոր մարմինները պարտավորություն են ստանձնում՝ համապարփակ տեղեկատվություն հրապարակել համապատասխան էլեկտրոնային հարթակում ՀՀ պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջեներ ընդերքօգտագործողների և հանքարդյունահանողների մուծած և վճարած բոլոր մասհանումների և գումարների մասին: Դրանով ֆինանսական բոլոր հոսքերը վերահսկելի կլինեն հանրության կողմից: -Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությամբ պատասխանատվություն և պատիժ է նախատեսվում թե´ լիազոր պետական կառավարման մարմնի, թե´ ընդերքօգտագործողի համար՝ այս պարտավորությունները չկատարելու պարագայում: Նախատեսվում է, որ մինչև մարտի 1-ը Ընդերքի գործակալությունը կներկայացնի իր զարգացման հայեցակարգը: Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել գերատեսչության 2017 թ. գործունեությունից՝ նշելով, որ ժամանակի հրամայականով պայմանավորված՝ պետք է ավելի մեծ թափով շարունակվի աշխատանքը բոլոր ուղղություններով: Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ 2017 թ. արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության աճ՝ 6.1 տոկոս, սպառման աճ՝ 4.1 տոկոս, արտահանման աճ՝ 17. 1 տոկոս, իսկ գազի ոլորտում՝ 6.52 տոկոս ներմուծման աճ Ռուսաստանից, 4.86 տոկոս աճ՝ Իրանից և 17.1 տոկոս արտահանման աճ: Կարեն Կարապետյանը կարևորել է էներգետիկ փոխհոսքերի շարունակական ավելացումը և տարածաշրջանային էներգետիկ հաբի ձևավորումը: «Մենք տարածաշրջանում իրականում շատ լավ շանս ունենք: Եթե մենք ճկուն վարվենք, շատ հետաքրքիր տարածաշրջան է իր բոլոր բարդություններով՝ հարևան Իրան, Իրաք, Թուրքմենստան Վրաստան՝ իր հարակից տարածքներով: Մինչև 2020 թվականը մենք այս հարթակում պետք է ունենանք 1-2 խոշոր ռեգիոնալ խաղացող», - ասել է կառավարության ղեկավարը՝անհրաժեշտ համարելով համապատասխան կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը զեկուցել է հանքարդյունահանման ոլորտում իրավիճակի մասին. 2017 թ. օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 26 թույլտվություն՝ 25 ոչ մետաղական օգտակար հանածոների, 1՝ հանքային ջրերի, ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար՝ 24 թույլտվություն՝ 10 մետաղական օգտակար հանածոների երևակումների և 14 ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների, երկրաբանական ուսումնասիրության 1 համաձայնություն, նավթի և գազի ուսումնասիրության 2 արտոնագիր, հանքային հումքի տեսակների արտահանման մեկանգամյա 2 լիցենզիա: Կառավարության ղեկավարը նախարարության ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել է ընդերքօգտագործողների կարգապահության խնդրի կարևորության վրա՝ անդրադառնալով հանքերի օգտագործման լիցենզիաների տրամադրման հարցին. «Պետք է հետևել մեր գործընկերների կարգապահությանը և հասկանալ՝ ինչպես ենք անում, որպեսզի այդ դաշտը մոտիվացնենք, որովհետև այնտեղ տնտեսական աճի մեծ ներուժ ունենք»:

Նմանատիպ նյութեր