211652_close_icon
views-count5611 դիտում article-date 10:55 14-10-2017

Մարդկային վերաբերմունքի արժանի են բոլորը՝ նույնիսկ սերիական մարդասպանները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս Ազգային ժողովում լսումների ժամանակ ԵՊՀ ռեկտորն, իջնելով ամբիոնից, ընկավ: Դեպք, որը կարող է պատահել ցանկացած մարդու հետ և ցանկաած հանգամանքներում: «Առավոտը» դրան, բնականաբար, չանդրադարձավ, որովհետև, մեր կարծիքով, այդ լուրը որևէ հասարակական նշանակություն չունի: Շատերն անդրադարձան, տեսագրությունը և լուսանկարները հրապարակեցին, ստացան դիտումներ, «լայքեր» և, ամենակարևորը, չարախնդությամբ լի մեկնաբանություններ: Սովորական պատմություն է մեր մեդիա դաշտում, և գուցե դրա մասին ընդհանրապես չխոսեի, եթե ընթերցողներից մեկը, լսումների մասին մեր նյութի տակ մեկնաբանություն չգրեր՝ «բա փառավոր թրմփալու մասին ինչու չեք գրում ???»: Հավանաբար, ակնարկում էր, որ մենք վախենում ենք դրա մասին գրել, բավականաչափ արդարամիտ, խիզախ եւ ընդդիմադիր չենք: Դե, քանի որ հարցը տրված է, փորձեմ դրան պատասխանել: Եթե խոսքը գնում է ռեկտորի կամ որևէ այլ պաշտոնյայի մասին, ապա, բնականաբար, պետք է քննադատել նրա աշխատանքը, գուցե՝ կուսակցական պատկանելությունը, նույնիսկ այն, թե ում նկարն է նա կախում իր աշխատասենյակում: Բայց եթե որևէ մարդ ընկնում է, ապա խոսք կարող է լինել միայն մարդու մասին, իսկ Մարդն ինձ համար կարևորագույն արժեք է, և նրա նկատմամբ չարությունը, ատելությունը, թշնամանքը խոսում է նման զգացմունքներ ունեցողների և ոչ թե նրանց թիրախի մասին: Մարդկային վերաբերմունքի արժանի են բոլորը՝ նույնիսկ սերիական մարդասպանները՝ միշտ պետք է տարանջատել մարդկանց արարքները (նաև դատապարտելի` գուցե ցմահ ազատազրկման արժանի) նրանց՝ պարզապես մարդ լինելուց: Հայկական կայքերի և ֆեյսբուքի գրառումները կարդալիս` կարող ես գալ եզրակացության, որ մարդիկ իրար հետ ինչ-որ անձնական խնդիրներ ունեն: Նույնիսկ այն մարդիկ, որոնք իրար հետ ծանոթ չեն, կյանքում իրար երես չեն տեսել, այնպիսի թշնամանք ունեն միմյանց նկատմամբ, որ այլ հանգամանքներում կարելի էր ենթադրել, որ նրանք Մոնթեքիի և Կապուլեթիի տոհմերից են: Եվ այստեղից է այդ հրճվանքը, երբ մեկն ընկնում է, մեկը հիվանդանում է, մեկը ցավ է զգում: Այդ հրճվանքը, հավանաբար, համարվում է «գաղափարական սկզբունքայնության» դրսևորում: Ինձ թվում է, ուրիշի (որևէ մարդու) ցավով ուրախանալը խոսում է հասարակության որոշակի հիվանդության մասին, որը պետք չէ խրախուսել, այլ հակառակը՝ բուժել: Դեղատոսմերը կարող են տարբեր լինել, բայց պարզ է, որ դրանք պետք է հիմնված լինեն մարդկային կարեկցանքի և համերաշխության վրա: Մինչև չբուժվի հասարակությունը, չի բուժվի նաև պետությունը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր