211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Առինջ գյուղի «Գ» թաղամասում տեղադրված 110 հազար բարձրավոլտ էլեկտրասյան խափանման պատճառով տեղի է ունեցել պայթյուն և լարերի կարճ միացում. վնասվել են բնակիչների մի մասի էլեկտրատեխնիկաները և սառնարանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5200 դիտում article-date 16:06 11-09-2025
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան խոշորացված համայնքի Առինջ վարչական բնակավայրում՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնից դեպի Ջրվեժ տանող ավտոճանապարհին  տեղադրված բարձրավոլտ էլեկտրասյուն է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ և թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը առաջացել է ուժեղ քամու հետևանքով լարերի իրար կպնելու պատճառով, իսկ բարձրավոլտ էլեկտրասյան վրայով անցնում է 110 հազար վոլտ հոսանք։

Մինչ այդ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առաջացել է  լարերի կարճ միացում և վնասվել են նշված բարձրավոլտ էլեկտրասյան հարևանությամբ բնակվող Սոնա Գյոզալյանին պատկանող Առինջ գյուղի Գ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 1, և թիվ 2 տանը բնակվող Կարինե Չիբուխչյանի տնակների մոտակայքով անցնող էլեկտրալարերը, իսկ 2-րդ տնակում էլեկտրալարերն ու գիպսաստվարաթղթե պատը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարականով բնակիչների խնդրին տեղում ծանոթանալու և հարցը արագ կարգավորելու նպատակով ժամանել է Առինջ բնակավայրի վարչական ղեկավար Էմիլ Ղուկասյանը, ով այնուհետև շատ արագ կապ հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Երևանի ներկայացուցիչներ հետ (քանի որ այն հաշվառված է Երևանի հաշվեկշռում), ու մասնագետները, ժամանելով նշված վայր, սկսեցին աշխատանքներ իրականացնել՝ վթարը վերականգնելու համար։

Տեղում նաև Առինջ վարչական բնակավայրի ղեկավար Է. Ղուկասյանը իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցեց Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանին և որոշվեց, որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետք է նաև նշված հատվածում բնակիչների համար երկար տարիներ պատուհաս դարձած փայտե էլեկտրասյուները փոխարինի նոր բետոնե էլեկտրասյուներով, որովհետև դրանք ամեն պահի կարող են տապալվել մի թեթև քամու հետևանքով, իսկ տարիներ առաջ հենց այդ սյուներից մեկը տապալվել էր՝վնասելով բնակիչների տները։

Տեղի ունեցած վթարի հետևանքով բնակիչներից մի քանիսի սառնարանները, էլեկտրական տեխնիկաները և էլեկտրատաքացուցիչները շարքից դուրս են եկել։ Թե ով կամ որ կազմակերպությունը պետք է փոխհատուցի բնակիչների կրած վնասը, դեռևս հայտնի չէ։

Եթե պարզվի, ինչը հավանական է, որ այդ ամենը փչացել է էլեկտրական լարերի թույլ միացման պատճառով, ապա փոխհատուցումը պետք է կատարվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» կամ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր