211652_close_icon
views-count12815 դիտում article-date 10:53 25-12-2018

Նույնիսկ ամենասարսափելի հանցագործը, արժանի է մարդկային վերաբերմունքի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի և մնացածների հանդեպ որևէ համակրանք չունեմ. երբ նրանք «ձիու վրա» էին, դրա մասին բազմիցս գրել եմ: Բայց հիմա, երբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, կարևոր եմ համարում մարդկային և իրավական ճիշտ մոտեցումները: Երբեմն հնչող համեմատությունները Թալեաթի կամ Հիտլերի հետ տեղին չեն ոչ այնքան ոճրագործությունների մասշտաբների, այլև պատմական համատեքստի տարբերության պատճառով: 1920-ական թվականների տրամաբանությամբ՝ Թալեաթը, որպես պատերազմի հանցագործ, պետք է գնդակահարվեր, բայց քանի որ Թուրքիայի այն ժամանակվա կառավարությունը պակաս հանցագործ չէր, դա արեց Սողոմոն Թեհլերյանը՝ փառք ու պատիվ նրան: 1940-ականների տրամաբանությամբ՝ պատերազմի նացիստական հանցագործները պետք է դատվեին և դրանցից մի քանիսը կախաղան հանվեին, ինչը և տեղի ունեցավ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: 1990-ականների տրամաբանությամբ՝ Բալկաններում պատերազմի ժամանակ նախկին Հարավսլավիայի հակամարտող տարբեր կողմերի գեներալներն ու պաշտոնյաները, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել, կանգնել են Հաագայի դատարանի առաջ և համապատասխան ժամկետներով ազատազրկվել են: 2018 թվականին Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանի տրամաբանությամբ՝ մեր համաքաղաքացի «հաբռգածները», ժուլիկները, իրենց անպատժելի համարողները նույնպես պետք է կանգնեն դատարանի առաջ և ստանան ազատազրկման իրենց ժամկետները: Ընդ որում, նույն տրամաբանության մեջ դատավարությունից առաջ նրանց խափանման միջոցը կարող է լինել թե՛ կալանքը, թե՛, ասենք, բնակավայրից չբացակայելը: «Մինչև դատվելը մարդը պարտադիր պիտի նստի» համոզմունքը գալիս է խորհրդային կարծրատիպերից: Այո, ժամանակակից Հայաստանի օրենսդրությունը հիմնված է եվրոպական հումանիստական արժեքների վրա: Շատ հնարավոր է, որ շատերին այդ օրենսդրությունը դուր չի գալիս: Բայց այդ դեպքում մարդիկ պետք է փողոց դուրս գան ոչ թե այս կամ այն մարդու խափանման միջոցը փոխելու պահանջով (ընդ որում, այդ պահանջը ներկայացվում է ոստիկանապետին կամ արդարադատության նախարարին, ինչը խոսում է իրավագիտակցության ցածր մակարդակի մասին), այլ պահանջելով արմատապես փոխել մեր երկրի ոչ միայն իրավական համակարգը, այլև ընդհանրապես արժեքային ուղղվածությունը: Օրինակ՝ կարելի է նպատակ դնել, որ Հայաստանում գործեն «շարիաթի» օրենքները և դադարել դատարկ տեղը պարծենալ, որ մենք առաջին քրիստոնեական երկիրն ենք: Բայց քանի որ առայժմ մեր պետության ուղղվածությունը չի փոխվել, ուզում եմ կրկնել 2000 տարվա ճշմարտությունը՝ ցանկացած մարդ, նույնիսկ ամենասարսափելի հանցագործը, արժանի է մարդկային վերաբերմունքի: 21-րդ դարում դա, մասնավորապես, նշանակում է, որ մարդուն, եթե նրա հանցագործությունն ապացուցված է, պատժում են՝ հասարակությունից մեկուսացնելով, ոչ թե բանտային վատ պայմաններով, բուժման հնարավորությունից և պաշտպանության իրավունքից զրկելով: Դրա գիտակցությունն անհրաժեշտ է ոչ թե նախորդ իշխանության, մեղմ ասած, ոչ համակրելի կերպարներին, այլ մեզ՝ հասարակությանը՝ առաջ գնալու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այասօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր