211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Փարաքարի «Գայի պոստ»-ի մոտ. էլեկտրական ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը ու շպրտել բետոնե պատնեշը. 2 զբոսաշրջիկ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5305 դիտում article-date 11:27 12-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:05-ի սահմաններում չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենան Արգավանդի խաչմերուկից դեպի Երևան ընթանալիս, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը ու բետոնե պաշտպանիչ պատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով երկաթե էլեկտրասյունը տապալվել ու փակել է դեպի Էջմիածին տանող ճանապարհահատվածի մեծ մասը և բետոնե պատնեշն է շպրտվել։

Վնասվել են նաև տապալված էլեկտրասյան վրա տեղադրված ինտերնետ կապի համար օգտագործվող մալուխները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի թաց լինելն է եղել։

Հրշեջ-փրկարարները այնուհետև կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Վթարից հետո ավելի քան 2 ժամ է պահանջվել, որպեսզի ժամանեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները և կատարեին հոսանքազրկում։ Ժամանել էին նաև «Երքաղլույս»-ի աշխատակիցները, ովքեր հայտնեցին, որ հոսանքազրկման աշխատանքներն ու էլեկտրասյան տեղափոխումը վթարի վայրից պետք է կատարի ՀԷՑ-ը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վիրավորները կին և տղամարդ են, ովքեր զբոսաշրջիկներ են և «Զվարթնոց» օդանավակայանից վարորդը նրանց տեղափոխում էր հյուրանոցային համալիր:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր