211652_close_icon

Ում կյանքն էին երեկ ուզում զրկել Երևանում ․ հինգ ամիս առաջվա կրակոցն ու վրեժխնդությունը․Armlur․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11134 դիտում article-date 22:50 10-09-2025
Երեկ Երևանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Armlur-ի տեղեկություններով,պարզվել էր, որ երկու անձ աստիճանը դրել էին Ռոստովյան 17 շենքի մուտքի մոտ և փորձել էին մտնել շենքի բնակիչներից մեկի տուն՝ սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվող Արման Ախոյանի բնակարան։

Արդյունքում, Ախոյանը, զգալով, որ իր բնակարանի շուրջ տարօրինակ ձայներ են լսվում, գտնվելով տնային կալանքի տակ, վերցրել էր զենքը և կրակել պատշգամբ հասած ու իր տան ուղղությամբ զենք պահած անձանց ուղղությամբ։ Սկսվել էր փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ մեկ անձ, որը պատշգամբից կրակել էր տնային կալանքի տակ գտնվող Ախոյանի ուղղությամբ, մահացել էր։

Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից․

Ապրիլի 14-ին, ժամը 16:15-ին, Մուրացան փողոցում կրակոցներ էին հնչել։ «Ձախ ծնկահոդի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Հրաչյա Ստեփանի Հախվերդյանը։ Ավելի ուշ պարզվել էր, որ Հախվերդյանին Ռոստովյան փողոցի 13-րդ հասցեի դիմաց հրազենային վնասվածք էր պատճառել Արմանը, որին սպանության փորձի համար մեղադրանք էր առաջադրվել, և խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

Հինգ ամիս անց՝ վենդետա,

Եվ ահա հինգ ամիս անց կրկին կրակոցներ են հնչում։ Գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվում և խափանման միջոց ընտրվում տնային կալանքը։ Սակայն վիրավորում ստացած անձն ու նրա մտերիմ շրջապատը գոհ չեն մնում ՀՀ իրավապահ համակարգի գործողություններից և, չսպասելով քննության վերջնական որոշմանը, գնում են իրենց սպանել ցանկացող անձի հետ հաշիվ մաքրելու։ Ասել է թե՝ գործի էր դրվել վենդետան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 9-ին, կրակոցներ և սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում,  նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ռոստովյան 17 շենքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և նշված վայրից մեկ հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել էր։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Էրեբունու դատախազության 2 դատախազ։

Տարածքը սահմանազատել էին պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր  քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ։  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր