Թուրքիայի վարչապետ. Իդլիբի հարցում համագործակցում ենք Ռուսաստանի հետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ համագործակցում է՝ սիրիական Իդլիբ նահանգի անվտանգությունը պահպանելու համար:
«Մենք կապահովենք անվտանգությունը Իդլիբում և դրա համար համագործակցում ենք Ռուսաստանի հետ», ասել է Յիլդիրիմը:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կհետևի նահանգում անվտանգության պահպանմանը, իսկ Մոսկվան՝ դրա շուրջը: Նա նշել էր, որ այդ ամենը տեղի է ունենում Սիրիայում լարվածության թուլացման գոտիների շրջանակներում:
2017թ. մայիսից Սիրիայում ձևավորվում են դեէսկալացիայի չորս գոտիներ. այդ մասին Աստանայում միջսիրիական բանակցություններում պայմանավորվել էին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները:
Ներկա պահին գործում են Սիրիայի հարավ-արևմտյան, Արևելյան Գուտայում և Հոմս քաղաքի շրջանում գտնվող գոտիները:
Չորրորդ գոտին կընդգրկի Իդլիբ նահանգն ու հարևան Հալեպի, Լատաքիայի և Համայի նահանգների բնակավայրերը: