211652_close_icon
views-count29947 դիտում article-date 21:40 03-11-2026

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Արմեն Արամյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բեռնատարն ու «Opel Zafira»-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, կոտրել մի քանի ծառեր և հայտնվել բնակչի հողամասում։ Բեռնատարը գլխիվայր շրջվել է, և այն բարձված է եղել եգիպտացորենով։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր