211652_close_icon
views-count10413 դիտում article-date 10:01 07-07-2017

ԱԺ-ի ամենահարուստ տիկնայք են՝ Հերմինե Նաղդալյանը, Շուշան Սադարյանը, Կարինե Աճեմյանը և Նաիրա Զորհաբյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «6-րդ գումարման ԱԺ կին պատգամավորները ներկայացրել են հայտարարագրեր իրենց ունեցվածքի վերաբերյալ: Armtimes.com-ը, ուսումնասիրելով դրանք, պարզել է, թե ովքեր են օրենսդիր մարմնի ամենահարուստ տիկնայք: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական, մասնագիտությամբ թատերագետ Նաիրա Զորհաբյանը 2017 թվականին երեք բնակարան է ձեռք բերել՝ տարբեր բնակելի շենքերում: Այս մասին տեղեկանում ենք նրա տարեկան հայտարարագրից: 2016 թվականին անշարժ գույք նա ընդհանրապես չի ունեցել: Պաշտոնը ստանձնելու պահին Զոհրաբյանի հանձնած փոխառությունները կազմել են 56 հազար ԱՄՆ դոլար և 10 հազար եվրո: Վերջինիս եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից, որը կազմում է մոտ 6 մլն դրամ: Ի տարբերություն Զոհրաբյանի, «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, անկուսակցական Կարինե Պողոսյանը ոչինչ չի հայտարարագրել: Նաիրա Զոհրաբյանից հետո, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության կանանցից ունևոր է նաև ատամնաբույժ Մարինա Մարգարյանը: Նա բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան և մեկ այլ շենքում ոչ բնակելի տարածք, ավտոտնակ: Այս խմբակցության մեկ այլ պատգամավոր, գրագանագետ Լուիզա Սարգսյանը ունի միայն մեկ բնակարան: Ունեցվածքով աչքի չի ընկնում նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա բազմաբնակարան շենքում մեկ բնակարան ունի: ՀՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ, 5-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը տարբեր հասցեներում 4 հողամաս ունի, հողին ամրացված մեկ այլ անշարժ գույք, մեկ բնակարան, ավտոտնակ և մեկ առանձնատուն: Վերջինիս հաշվին առկա է 25 մլն ՀՀ դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար: Նաղդալյանի տարեկան եկամուտը կազմում է շուրջ 300 մլն, որը ձևավորվել է աշխատավարձից և վարկերից: Նաղդալյանը իր անշարժ գույքերը ձեռք է բերել 2017-ին: 2016 թվականին նա ունեցել է 24 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որը օտարել է 490 մլն-ով: Մասնագիտությամբ բանասեր, 2017 թվականից ՀՀԿ-ի շարքերը համալրած, նույն խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը հայտարարագրել է մեկ բնակարան, BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա և 3 մլն ՀՀ դրամ: Սարդարյանի աշխատավարձից գոյացել է մոտ 8 մլն դրամ: Պարզվում է, որ Սարդարյանի գործերը լավացել են, երբ նա վարչապետ Կարապետյանի խորհրդականի վճարովի պաշտոնից (այժմ այդ պաշտոնին է հասարարական հիմունքներով) գնացել է ԱԺ: Կառավարությունում աշխատելիս նա չի ունեցել մեքենա և բնակարան: Դրանք ձեռք է բերել 2017 թվականին: Մանկավարժ, ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի ունեցածքը մեկ հողամաս է և 1 մլն դրամ: Նրա տարեկան եկամուտը մոտ 3 մլն դրամ է, որն աշխատավարձից է գոյացել: Զարմանալի է, բայց Բաղդասարյանը ևս մյուս գործընկերների նման ունեցվածքը ձեռք է բերել պատգամավոր դառնալու տարում: Սոցապ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս նա ոչ մի բան չի հայտարարագրել: Երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը կուսակից գորընկերուհիների նման կարողություններ չունի: Նրա հայտարարագրածը միայն 7 մլն դրամ աշխատավարձն է: Դաշնակահար, դերասանուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հայտարարագրել է բազմաբնակարան շենքում գտնվող ոչ բնակելի տարածք, որը 2016 թվականին չի ունեցել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ Մարգարիտ Եսայանը ՀՀԿ մյուս կանանց զուգահեռ 2017-ին 2016-ի համեմատ կարողության կորուստ է ունեցել: Նա այժմ ունի հողամաս և առանձնատուն, իսկ 2016-ին ունեցել է երկու առանձնատուն, մեկ հողամաս և մեկ բնակարան, ինչպես նաև 4 հազար ԱՄՆ դոլար: Քիչ կարողություններ չունի նաև ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս պատգամավորը ունի երկու բնակարան և մեկ հողամաս: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր, մանկավարժ Մանե Թանդիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ մլն դրամ և 100 ԱՄՆ դոլար: Նուն խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, լրագրող Լենա Նազարյանի ունեցվածքը մեկ առանձնատուն է և 1 մլն դրամ: Ներկայացված հայտարարագրերի համայձայն՝ ԱԺ-ի ամենահարուստ կանայք ՀՀԿ-ի տիկնայք են՝ Հերմինե Նաղդալյանը, Շուշան Սադարյանը, Կարինե Աճեմյանը և «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զորհաբյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր