Սիրիայի անվտանգության գոտիներում առաջին խախտումներն են արձանագրվել
Սիրիայում անվտանգության գոտիներում արդեն իսկ արձանագրվել են ոչ մեծ խախտումներ։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Սիրիայում օպերատիվ շտաբի աղբյուրը։
Ըստ պայմանավորվածության, որը ձեռք է բերվել Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման հարցով միջազգային հանդիպմանը, մայիսի 6-ից ուժի մեջ է մտել անվտանգության 4 գոտիների մասին համաձայնագիրը, ըստ որի՝ պետք է դադարեցվեն ցանկացած տեսակի բախումներ կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև։
«Ընդհանուր առմամբ խաղաղությունը պահպանվում է, սակայն որոշակի հատվածներում հնչում են կրակոցներ և բախումներ են տեղի ունենում»,-նշել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Աստանայում մայիսի 3-4-ը կայացած բանակցություններին մասնակցել են 3 երաշխավոր երկրներ՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, սիրիական կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչներ։ Արդյունքում ստորագրվել է անվտանգության 4 գոտիների մասին համաձայնագիրը։