211652_close_icon
views-count4108 դիտում article-date 10:52 02-05-2017

Թացը չորից զանազանելու համար պետք է քաղաքական գրագիտություն. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ընթանում է, թեև պակաս ակտիվ, բայց մոտավորապես նույն սխեմայով, ինչ ԱԺ-ինը: Ինքնին հասկանալի է, որ այն ընդդիմադիր թեկնածուները, որոնք պայքարում են մայրաքաղաքի ավագանիում տեղ զբաղեցնելու համար, պետք է ասեն, որ ամեն ինչ սարսափելի է, ամեն ինչ գողացվում և թալանվում է, Երևանը կործանվում է և այլն: Իսկ ահա իրենց՝ մայրաքաղաքում իշխանության գալու հաջորդ իսկ օրը մենք կտեսնենք կոկիկ ավտոբուսներ, որոնք վարելու են Մոցարտի օպերաների սիրահար սափրված վարորդներ: Բայց նախընտրական քարոզչությունն այդպիսինն է ոչ միայն Երևանում և Հայաստանում, այլև ցանկացած երկրում, որտեղ ընտրություններ են անցկացվում: Մարի Լը Պենն, օրինակ, ասում է, որ Ֆրանսիան և ամբողջ Եվրոպան է կործանվում, որ միգրանտները կերել են երկիրը, և եթե վճռական քայլեր չձեռնարկվեն` վերջնականապես կուտեն: Մակրոնն էլ, բնականաբար, պատասխանում է, որ ընդդիմության քարոզչությունն ուղղված է կրքեր բորբոքելուն, ցասում առաջացնելուն, ոչ թե խնդիրները լուծելուն: Եվ երկուսն էլ յուրովի իրավացի են` մեկի գործն ամեն ինչ սրելն է, մյուսինը՝ ամեն ինչ փորձել մեղմացնել, հարթել: Թացը չորից զանազանելու համար պետք է ոչ միայն մեդիագրագիտություն, այլև քաղաքական գրագիտություն: Ինչպես մեդիայի դեպքում մարդիկ, անգամ Հայաստանում, կամաց-կամաց սկսել են տարբերել ճչացող վերնագրերն ու «հավաստի աղբյուրների» վրա հիմնված հորինվածքները իրական լրատվությունից, այնպես էլ իշխանամետ ու ընդդիմադիր քարոզչության մեջ մարդիկ սովորում են տարբերակել փաստարկների ու հակափաստարկների ռացիոնալ հատիկը մաքուր քաղաքական հռետորաբանությունից: Այդ հռետորաբանությունը, ըստ բնորոշման, պետք է լինի պարզունակ և մակերեսային: Պահանջարկը առաջարկ է ծնում նաև այստեղ՝ նախընտրական քարոզչությունը ոչ մի երկրում և ոչ մի պարագայում չի կարող շատ լուրջ լինել, որովհետև ուղղված է լայն զանգվածներին: Եվ այս հասցեատիրոջը հաշվի առնելով՝ հնարավոր չէ խուսափել, ինչպես այսօրվա երիտասարդներն են ասում՝ «բլթոցներից»: Այդ բոլոր խոսակցություններին մնացել է ընդամենը երկու շաբաթ: Դե, ևս 2-3 շաբաթ էլ, հավանաբար, կխոսեն այն մասին, թե ինչպես են ընտրությունները կեղծվել: Այդպիսով, մի քանի ամիս տևած մարաթոնը կավարտվի: Որոշ ժամանակ կյանքը հարթ կընթանա՝ առանց ճչոցների, վանկարկումների և «բլթոցների»: Բայց հետո քաղաքական ուժերն «իրենց կվերագտնեն» ու կպահանջեն ցրել խորհրդարանն ու կազմակերպել արտահերթ ընտրություններ: Կամ՝ փոխել Սահմանադրությունը: Այնպես որ, երկար չենք ձանձրանա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր