2945 դիտում
10:50 28-04-2017
Հակաարևմտյան քարոզչությունը ծխածածկույթ է իշխանությունների կամայականությունների համար. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Կա ավտորիտար ղեկավարների մի տեսակ, որը կարծում է, թե իր հասցեին հրապարակավ հնչած ցանկացած թթու խոսք մահացու վտանգ է ներկայացնում կառավարման ամբողջ համակարգի համար: Այդպիսիք են Էրդողանը, Ալիևը, Քոչարյանը, Լուկաշենկոն: Այդ տիպի ղեկավարները, հավանաբար, բացի ամեն ինչից, առաջնորդվում են նաև ինչ-որ ֆրեյդիստական բարդույթներով, ինչ-որ մանկական հիշողություններով, երբ իրենց չի հաջողվել դրսևորվել որպես «ուժեղ տղամարդ», և հիմա խնդիր կա փոխհատուցել կորցրած հնարավորությունը: Սովորաբար նրանք առավել թշնամաբար են տրամադրված լինում խոսքի ազատության նկատմամբ և ամեն ինչ անում են, որպեսզի որևէ ամբիոնից նրանց մասին որևէ բացասական բառ չհնչի:
Միջազգային ասպարեզում, իհարկե, նույնն է: Եվրոպայի խորհուրդը ցանկանում է Թուրքիայում մշտադիտարկում անցկացնել՝ տեսնելու համար, թե ինչ իրավիճակ է այդ երկրում՝ մարդու իրավունքների հետ կապված, այդ ինչու են Թուրքիայում հազարավոր մարդիկ նստած, այդ թվում՝ լրագրողներ, պատգամավորներ, այդ ինչպես եք ուզում վերականգնել մահապատիժը: Եվրոպայի խորհրդի այդ մտադրությունը Թուրքիայի իշխանություններին ակնհայտորեն դուր չեկավ, և պատասխանը մոտավորապես հետևյալն է՝ դուք ով դառաք, որ մեզ մոտ մոնիտորինգ անցկացնեք, մեզ խելք մի սովորեցրեք, մենք աշխարհի ամենաժողովրդավար երկիրն ենք: Որպես այդ «խրոխտ» կեցվածքի դրսևորում՝ Թուրքիան նախ սպառնաց, որ ընդհանրապես դուրս կգա Եվրոպայի խորհրդից, իսկ այնուհետև փաստացի արգելեց ԵԽ զեկուցողների մուտքն իր երկիր:
Նմանատիպ կեցվածք, ի դեպ, դրսևորեց Վենեսուելան՝ դուք Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ուզում եք քննարկել մեր երկրում ստեղծված վիճակը (այնտեղ արդեն մի ամիս է՝ ընդդիմության բազմահազարանոց ցույցեր են՝ բախումներով, սպանվածներով, վիրավորներով), ուրեմն մենք դուրս կգանք այդ կազմակերպություններից: Այդ երկու դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ հակաեվրոպական կամ հակաարևմտյան քարոզչությունն ի վերջո իրականացվում է իշխանությունների կողմից, որոնք արտաքուստ շեշտը դնում են, ասենք, «թուրքի գենի» առանձնահատկությունների վրա, բայց իրականում այդ խոսակցությունները ծխածածկույթ են՝ իրենց, իշխանությունների կամայականությունների համար: Եթե մարդու իրավունքները և իշխանությունների թևերի տարանջատումը հնարել են մասոնները, ապա որևէ անհրաժեշտություն չկա հետևելու այդ «ազգուրաց» արժեքներին: Ներքին սպառման համար դա երբեմն անցնում է՝ մանավանդ Թուրքիայի պարագայում, կենտրոնական, գյուղական շրջաններում:
Արտաքին աշխարհի առումով դա «ուտվող ապրանք չէ», որովհետև Թուրքիայի քաղաքական, ռազմական և տնտեսական հիմնական կապերն Արեւմուտքի հետ են: Հետևաբար այդ «աքլորանալը» («դուրս կգանք», «դիտորդներին չենք թողնի» և այլն) ունի որոշակի սահման: Որքան էլ եվրոպական արժեքներն Էրդողանի համար ատելի լինեն, նա, միևնույն է, կշարունակի ձև անել, որ դրանք իր համար խորթ չեն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2388 դիտում
15:01 27-12-2018
Պետք է 100 %-անոց վերահսկողություն ունենանք, որ բնակիչները կամայականությունների զոհ չդառնան․ փոխվարչապետ
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»