Փարիզում թալանել են Ֆրանսիայի վարչապետի բնակարանը
Անհայտ անձինք թալանել են Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնևի փարիզյան բնակարանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse գործակալության տեղեկությունները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի ծառայողական փաստաթղթերը բնակարանից չեն գողացել:
«Վարչապետը մի քանի անգամ խնդրել է իր տան մոտ մշտական պաշտպանություն չդնել, քանի որ համարել է, որ առանց այն էլ ոստիկանները ծայրահեղ մոբիլիզացված են Փարիզում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պայմաններում: Այդ պատճառով նրա բնակարանում չի եղել ոչ մի ծառայողական փաստաթուղթ»,- հայտարարել են վարչապետի պաշտոնական նստավայրում:
Նշվում է նաև, որ հանցագործները չեն իմացել, թե ով է հանդիսանում տան տերը:
«Ամեն ինչ ցույց է տալիս այն, որ գողերը չեն իմացել, որ այն բնակարանը, որտեղ նրանք գտնվում են, պատկանում է վարչապետին»,- մեջբերում է France Presse-ը: